ՊԲ հրամանատարը հրապարակել է Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու կորուստների թվերը

May 5, 2017

Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը հարձակումների ժամանակ տվել է մինչև հազար զոհ: Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Նրա խոսքով՝ այդ հարձակման ընթացքում հակառակորդը ունեցել է մոտ 2000 վիրավոր և ստիպված է եղել մեկ անգամ ևս դիմել Ռուսաստանի Դաշնությանը, որի միջնորդությամբ էլ հաստատվել է հրադադարի ռեժիմը: Նա հիշեցրել է, որ անցած տարվա ապրիլին հակառակորդը, որոշելով, որ ի վիճակի է ուժային եղանակով լուծելու ղարաբաղյան հիմնախնդիրն իր օգտին, դիմեց ռազմական գործողությունների:

«Հակառակորդը ռազմական գործողություններում ընդգրկեց իր ամբողջ զինանոցը, չնայած տարբեր հայտարարություններով նշվում է, որ լրիվությամբ չի կիրառել, սակայն ես այդ մտքին համակարծիք չեմ: Օգտագործվել են և՛ հատուկ նշանակության զորամասեր, և՛ ստորաբաժանումներ, զանգվածային խոցման միջոցներ, հրետանային, հրթիռային, զանգվածային զրահատանկային ստորաբաժանումներ, արդի տեխնոլոգիաներ ունեցող զինատեսակներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, խոշոր տրամաչափի միջոցներ՝ արտասահմանյան արտադրության, ոչ ադրբեջանական»,- ասել է Լևոն Մնացականյանը և հավելել, որ բոլոր ուղղություններով միաժամանակյա ռազմական գործողությունները հուշում են, որ եղել է ընդհանուր, պլանավորված, ծրագրված հարձակում:

Արցախի պաշտպանության նախարարի խոսքով՝ մեր զորամասերն ու ստորաբաժանումներն ապրիլյան գործողությունների ընթացքում համարժեք պատասխան են տվել և ձախողել են հակառակորդի բոլոր ծրագրերը հյուսիսային, հարավային և կենտրոնական ուղղություններով:

Source: Yerkir Media
Link: ՊԲ հրամանատարը հրապարակել է Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու կորուստների թվերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image