Պետական և հոգևոր խորհրդանիշները տեղափոխվել են ՀՀ նախագահի երդմնակալության արարողության վայր

Այսօր առավոտյան ՀՀ սահմանադրական դատարանից՝ Սահմանադրության մայր օրինակը, Մատենադարանից` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը բերվել են ՀՀ նախագահի նստավայր:

ՀՀ պետական դրոշը և նախագահական իշխանության խորհրդանշանը Հանրապետության նախագահի համհարզները հանձնել են պատվո պահակախմբի զինվորներին: ՀՀ Սահմանադրության մայր օրինակը ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանին է հանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, իսկ Վեհամոր Ավետարանը Հովնան եպիսկոպոս Հակոբյանին է հանձնել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Այնուհետև ՀՀ պետական դրոշի և նախագահական իշխանության խորհրդանշանի հետ միասին ՀՀ Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը տեղափոխվել են երդմնակալության արարողության վայր՝ մարզահամերգային համալիր։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգումարվի ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը կստանձնի Հանրապետության նախագահի պաշտոնը։

Source: Yerkir Media
Link: Պետական և հոգևոր խորհրդանիշները տեղափոխվել են ՀՀ նախագահի երդմնակալության արարողության վայր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image