Արցախի հերոս, ապրիլյան պատերազմում նահատակված Ռոբերտ Աբաջյանի ծնողները վերջին մի քանի տարին Ռուսաստանում են բնակվում, իսկ հարազատները՝ տատիկը, պապիկն ու հորեղբոր ընտանիքն այն տանը, որտեղ ապրել է նաեւ Ռոբերտը։
Տատիկը սրբորեն պահում է թոռնիկի ձեռքով գրված ամեն թուղթը՝ առաջին ինքնաշեն բացիկից մինչեւ բանակային կյանքին առնչվող իրերը: Ռոբերտին նվիրված գրքույկներից մեկը շատ է հավանել:
«Սա Ղարաբաղի դրոշի վրայի մասնիկն է, նռնակը եւ ծառը, որ դուրս է գալիս՝ կյանքի խորհրդանիշն է, կյանք տվեց շատերին, իրենը գնաց, ծառ էինք տնկել, կտրեցին»,- ասում է Ռոբերտի տատիկը՝ տիկին Անահիտ Գեւորգյանը:
Ռոբերտի անունն այսօր ամենուր է՝ Հայաստանում ու Արցախում նրա անվամբ դպրոցներ, դասասենյակներ են անվանակոչել, մանկապարտեզում՝ պուրակ, շատրվաններ ու նրան նվիրված հուշաքարեր կան տարբեր վայրերում: Այսօր աշխարհասփյուռ հայությունը գիտի կյանքի գնով դիրքը պահած 4 տղաների՝ Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի եւ նրանց հրամանատար՝ Արմենակ Ուրֆանյանի մասին: Տիկին Անահիտն ասում է՝ հենց այդ տղաներն ապացուցեցին, որ կարող ենք հաղթող լինել, նոր սերնդի համար էլ խոսքը գործի վերածող կենդանի օրինակ դարձան:
Տատիկը, որը նաեւ Ռոբերտի ռուսերենի ուսուցիչն ու դասղեկն է եղել, վստահ է՝ թոռնիկի մեջ բնությունն ինքն էր բարձր մարդկային հատկանիշներ դրել. իհարկե գեներն էլ իրենց դերն ունեն:
Մանրամասները՝ տեսանյութում։
Source: Yerkir Media
Link: Ռոբերտ Աբաջյան․ «Կյանք տվեց շատերին, իրենը գնաց»