«Ռուսալ»-ի բաժնետոմսերը արժեզրկվել են եւս 22 տոկոսով

«Ռուսալ»-ի բաժնետոմսերն ապրիլի 16-ին ավելի քան 20 տոկոսով եւ ապրիլի սկզբի համեմատությամբ 64 տոկոսով ընկել են՝ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սպասումների ֆոնին, որոնք կարող են հայտարարվել արդեն այսօր՝ ապրիլի 16-ին:

Հոնկոնգի ֆոնդային սակարանի տվյալների համաձայն՝ Երեւանի ժամանակով 8:45-ին ընկերության արժեթղթերը նվազել են 22,5 տոկոսով՝ հասնելով մինչեւ 1,580 հոնկոնգյան դոլարի: Դա «Ռուսալի» բաժնետոմսերի՝  երբեւէ գրանցված ամենացածր արժեքն է։ Վերջին ռեկորդը սահմանվել է 2016-ի հունիսի 12-ին (2,09 դոլար)։

Դեռ մեկ շաբաթ առաջ, երբ «Ռուսալ»-ը եւ դրա 48 տոկոսի բաժնետեր Օլեգ Դերիպասկան հայտնվեցին Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության «սեւ ցուցակում», ընկերության բաժնետոմսերը վաճառվում Էին շուրջ 4,65 հոնկոնգյան դոլարով:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ապրիլի 15-ին հայտարարել Է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ հայտարարելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին՝ կապված Սիրիայում կատարված քիմիական գրոհի հետ: Պատժամիջոցները կարող են վերաբերել այն ընկերություններին, որոնք աշխատել են Սիրիայում:

Source: Yerkir Media
Link: «Ռուսալ»-ի բաժնետոմսերը արժեզրկվել են եւս 22 տոկոսով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image