Սահմանամերձ Ճամբարակի՝ անսահման խնդիրները. պատմում են բնակիչները

June 10, 2016

Հայ-ադրբեջանական պետական սահմանի մոտ գտնվող Ճամբարակում բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն են: Սոցիալական պայմաններից դրդված՝ քաղաքից շատերն են հեռացել արտագնա աշխատանքի: Բայց մշտական բնակիչներից ամեն մեկն իր համար զբաղմունք է գտել:

Նրանցից է Կիրակոսյանների ընտանիքը: Նրանք թեեւ զբաղմունք ունեն, բայց դժգոհում են. կաթի եւ մսի գինը նվազում է:

Ժորա Կիրակոսյանը բնիկ արծվաշենցի է: 1992-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը բռնազավթեցին Արծվաշենը, Կիրակոսյանները դարձան փախստական. լքեցին ծննդավայրն ու բնակություն հաստատեցին Ճամբարակ քաղաքում:

Ընտանիքը մինչ օրս սահմանամերձ Ճամբարակ քաղաքից չի հեռացել: Չնայած այստեղ պայմաններն օր օրի են վատանում, սակայն, ըստ Կիրակոսյանների, գոյատեւել դեռ կարողանում են:

«Աշխատանք չկա, գոյատեւում ենք մի կերպ: Ամեն առավոտ ստեղ կաթի կռիվ ա, փողի կռիվ ա: Կաթը մթերվում ա հանքային ջրի գին, առավոտ մի հատ եկեք նայեք՝ իրար փռթոց ա»,- ասում է Ժորա Կիրակոսյանը:

Ընտանիքի ավագ սերդնի միակ զբաղմունքն անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է: 5 անասուն են պահում, բայց դա էլ չի բավարարում: Ամուսինների խոսքով՝ շատ էժան գնով են կաթը սպառում՝ 50-100 դրամ: Հողամասում նաեւ կարտոֆիլ են մշակում, բերքը, թերեւս, միայն ընտանիքին է բավարարում:

Տիկին Կարինեն ամեն առավոտ ժամը 4-ից է արթնանում ու իր միակ գործին է անցնում: (SOT 00:12

«Աշխատանք չկա, մի բան չկա, ինչով եմ գո՞հ, երեխաս նայոմնիկ՝ սարի ծերին: Մի տուն՝ լիքը ժողովուրդ ենք, մի աշխատանք չկա, որ աշխատենք մենք էլ յոլա գնանք»,- պատմում է Կարինե Սարգսյան:

Գեղարքունիքի մարզի 5 քաղաքներից մեկը՝ Ճամբարակը, հայ-ադրբեջանական սահմանին բավականին մոտ է: Կրակոցներն այստեղ գրեթե ամեն օր են լսվում, սակայն Կիրակոսյաններին միայն կրակոցի ձայնը չէ, որ անհանգստանում է:

Որդին պայմանագրային զինծառայողի ուղին է ընտրել. Բերդում է ծառայում: Վերջին 3 ամսվա ընթացքում միայն մեկ անգամ է տուն եկել: Ընտանիքի հոր խոսքով՝ եթե որդին էլ չաշխատի, ընտանիքը հաստատ չի գոյատեւի, բողոքողը միայն Կիակոսյանների ընտանիքը չէ. քաղաքում համատարած նույն վիճակն է:

«Համեմատած մարդ չկա, որ իր կյանքից գոհ լինի, բոլորը դժգոհ են: Արտագնա աշխատանքի են գնում, էնտեղ են խաբում»,- ասում է Ժորա Կիրակոսյանը:

Ապրում են սահմանամերձ քաղաքում, սակայն արտոնություններից գրեթե չեն օգվում, տեղեկացված էլ չեն, թե ինչ առավելություններ ունեն: Կիրակոսյանների կառուցած տունը դեռ գազաֆիկացված չէ, իսկ ջուրն աղբյուրից են վերցնում: Տան միակ ուրախությունը փոքրիկներն են՝ ընտանիքի ապագան: Պապն ու տատը խոստանում են՝ սիրով կմեծացնեն թոռներին, միայն թե տղան հայրենիքին ծառայի ու միշտ ողջ առողջ տուն վերադառնա:

Մանրամասները՝ տեսանյութում


Source: Yerkir Media
Link: Սահմանամերձ Ճամբարակի՝ անսահման խնդիրները. պատմում են բնակիչները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image