Հուլիսի 12-ից 22-ը Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի 10-16 տարեկան 130 պատանիներ ամառային հանգիստն են անցկացրել ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միության կազմակերպած ճամբարում: Այսօր տեղի է ունեցել ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը:
Ճամբարի պատասխանատու Արամ Թուֆենկյանն արդեն երրորդ անգամ է Հայրենիքում: Նա խոստովանում է, որ ամեն անգամ հայրենիք վերադառնալուց հետո ավելի ու ավելի է դժվարանում հետ` Ավստրալիա վերադառնալը:
«Կարոտ ու հույս ունես, որ հաջորդ տարի եւս կգաս եւ կտեսնես այս երեխաներին: Սա մեր վերջնական հայրենիքն է, մեր տունն է եւ մի օր պետք տեղափոխվենք այստեղ»,- ասում է Արամ Թուֆենկյանը:
Նանոր Շուգայանն էլ առաջին անգամ է Հայրենիքում: Ասում է՝ որ յուրաքանչյուր հայ իր ճակատագիրը պետք է հենց այստեղ՝ այս սուրբ հողում կերտի: Նպատակ ունի ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել Հայաստան:
«Միշտ երազել եմ իմ հայրենիք գալ: Չէի կարծում որ այսքան կկապվեմ»,- անկեղծանում է Նանոր Շուգայանը:
ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդկան միությունն առաջին անգամ է բակային ճամբար կազմակերպում Հայաստանում: Ճամբարականների առօրյան ընթանում էր ըստ նախապես մշակված օրակարգի՝ դրոշակի արարողություն, դասախոսություններ` հայրենասիրական, դաստիարակչական թեմաներով, ազգային — հեղափոխական երգերի ուսուցում, մարզանք: Խմբապետների խոսքով, սակայն, նրանք նույնպես շատ բան սովորեցին երեխաներից: Փակման արարողության ժամանակ երեխաները ցուցադրեցին այն, ինչ սովորել էին ճամբարի 10 օրերի ընթացքում:
ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միությունն այս ծրագրով համագործակցում է «Նիկոլ Դուման» կոմիտեության հետ: Մի քանի ամիս առաջ նաեւ այս երիտասարդների շնորհիվ ամբողջովին վերանորոգվել է կոմիտեության շենքը: ՀՅԴ Նոր-Նորքի ՙՆիկոլ Դուման՚ կոմիտեի ներկայացուցիչ Լեւոն Գաբրիելյանն ասում է, որ բակային ճամբարը ծառայեց իր նպատակին. Ավստրալիայից ժամանած երիտասարդներն ու տեղի կոմիտեի անդամները, ըստ նրա, 100 տոկոսով կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները:
«Ոչ միայն Նոր-Նորքի զանգվածների, այլեւ՝ Ջրվեժի երեխաներին է հնարավորություն ընձեռնվել մասնակցել ճամբարին: Կազմակերպիչները խոստանում են, որ սա Ավստրալիայի երիտասարդական միության կազմակերպած առաջին, բայց ոչ վերջին ճամբարն է լինելու»,- նշում է Լեւոն Գաբրիելյանը:
Source: Yerkir Media
Link: «Սա մեր հայրենիքն է, մի օր պետք է տեղափոխվենք այստեղ»