ՀՀ կառավարությունն անապահով ընտանիքների համար փոխհատուցում է 2016 թվականի օգոստոսի մեկից 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը: Կառավարության ընդունած որոշմամբ՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար նախատեսվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 1000 դրամի չափով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ դրանով հնարավորինս կհատուցվի շուրջ 112 հազար 300 ընտանիքների էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված լրացուցիչ ծախսերը:
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումն ընտանիքների կողմից կազմում է շուրջ 202 կվտ. ձմեռային ամիսներին` 325, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ:
2016 թվականի օգոստոսի 1-ից Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 4.32 դրամով ավելի է: Ինչը նշանակում է, որ նույն 202 կվտ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարի շուրջ 1000 դրամ ավելի»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել էր 6,93 դրամով, ՀՀ կառավարությունը և «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը քննարկել ու պայմանավորվել էին այդ ավելացումը փոխհատուցել երկուստեք: «Էլեկտրաէնեգիայի սակագինն այս տարվա օգոստոսի մեկից նվազել է 2.61 դրամով, փաստորեն սակագինը թանկանում է 4,35 դրամով: Հարցը քննարկել ենք նաև Հանրապետության նախագահի հետ և այդ ծախսը կառավարությունը վերցնում է իր վրա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այդ նպատակով պետբյուջեից այս տարի կհատկացվի 567 մլն դրամ, իսկ գալիք տարի՝ 1 մլրդ 157 մլն դրամ:
Source: Yerkir Media
Link: Սոցիալական նպաստը ավելացավ 1000 դրամով. Կառավարությունը հաստատեց