«Երեւան Էքսպո» կենտրոնում այսօր բացվել է Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառք: Այն անցկացվում է սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ: Ցուցահանդես-վաճառքի բացմանը ներկա էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Մի քանի տարի առաջ Սիրիայի պատերազմը Հալեպից Երեւան բերեց նաեւ Ալեքսանի ընտանիքին: Ապրելու համար՝ աշխատանքի մի քանի տարբերակ է փորձել ու որոշել՝ Հայաստանում շարունակել նույն գործն, ինչ-որ Սիրիայում էր անում: Հատուկ տպագրությամբ շապիկների հիմնական սպառողները՝ զբոսաշրջիկներն են. իրենք էլ առիթը բաց չեն թողնում հայկականը ներկայացնել:
Ալեքսանի տաղավարում ներկայացված էր Հայաստանում ու հայկական ոճով տպագրվածը, հարեւան տաղավարում էլ Հայաստանում կարվածը: Հալեպահայ Գեւորգյանների համար կոշկակարությունը ընտանեկան բիզնես է արդեն կես դարից ավելի: Վերջին մեկ ու կես տարին գործը տեղափոխել են Հայրենիք: Այստեղ ամեն ինչ նորից են սկսել, պատերազմը տարիների ստեղծածը իրենցից էլ է խլել:
Արդեն մեկ տարի է Հայաստանում արծաթյա զարդեր պատրաստելով ու վաճառելով օրվա հացի խնդիրն է լուծում նաեւ Հարութ Տեր- Բաղդասարյանը: Նույն գործն ուներ նաեւ Հալեպում, իրենց զարդերն այնտեղ մեծ պահանջարկ էին վայելում: