Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների երկրորդ փուլին: «Դեկտեմբերի 15-ին ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների առաջին փուլը և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը», — նշեց վարչապետը: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատախան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար: Վարչապետը տարածքային կառավարման ու զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, ՊԵԿ նախագահին, Կադաստրի պետական կոմիտեի նախագահին ու ջրպետկոմի նախագահին հանձնարարեց երկու ամսյա ժամկետում տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության 2-րդ փուլի անհրաժեշտ ենթակառուցվածնքների ապահովման ուղղությամբ:
Կարեն Կարապետյանը հանձնարարական հնչեցրեցնաեւ ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման մեխանիզմների վերաբերյալ: «Ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասային նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություն», — ասաց նա: Վարչապետն ընդգծեց, որ ներկայումս գործող կարգավորումները հաշվի առնելով՝ հնարավոր ֆինանսական բեռը նշված անհամապատասխանելիությունների վերացման համար պետք է սահմանել արտոնություններ՝ նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար, սակայն չտարածելով դրանք նախկինում կառուցվածների վրա:
Նա նշեց, որ նման շինությունների օրինականցման խթանման դեպքում ակնկալվում է նաև տեղական բյուջեի և այլ վճարների ավելացում:
Վարչապետը Գյուղատնտեսության, Բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, անշարժ գույք կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ուսումնասիրություններ՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում, բացառապես «Սևան» ազգային պարկի տարածքի, ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տրամադրելու վերաբերյալ:
Կարեն Կարապեյանը ՏՄՊՊՀ նախագահին առաջարկեց Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխությունների օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար:
Source: Yerkir Media
Link: Վարչապետը հանձնարարեց բացառել գների անհիմն աճը՝ Ամանորին ընդառաջ