«Վիշապը պետք է գլխատվի, վերջ»․ առողջապահության նախարար

July 27, 2018

Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է «Սուրբ Գրիգոր» ԲԿ-ում սկսված բողոքի ակցիային: Այս մասին հայտնում է yerkir.am-ը։

Առողջապահության նախարարը նշում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պետական հիմնարկ է` 1700 աշխատակցով, 7 միլիարդ դրամ բյուջեով, որից 5 միլիարդ դրամը պետական ֆինանսավորումով է: Նախարարը տարակուսում է, որ աշխատակիցները անհիմն են համարում տնօրենին աշխատանքից ազատելը, քանի որ կան փաստեր չարաշահումների մասին: Նախարարի խոսքով` չարաշահումները այնքան սիստեմատիկ բնույթ են կրել, որ անգամ այդ թալանը չի դադարել ստուգումների պահին:

«Մարդիկ եկել են արյան անալիզ են հանձնել, փոքր հետազոտություններ կատարել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի օգնություն են ստացել: Ու մենք դա համարում ենք առողջապահության լավ կազմակերպու՞մ: Երբ 8000 դրամի փոխարեն այդ հիմնարկը պետբյուջեից գանձել է 200 հազար դրամ տարիներ շարունակ: 2001թ-ից հետո այդ բուժհիմնարկը ոչ մի անգամ ստուգում չի անցել, ոչ մի անգամ»,- ասաց նախարարը` հավելելով, որ պետական գնումների համակարգը նույնպես կասկածելի ու խնդրահարույց է եղել:

«Էս հիվանդանոցը պետք է վերջիվերջո վերադառնա նորմալ աշխատանքային հուն: Եվ ոչ մի անձ` անկախ նրա ունեցած հարյուրավոր նյուզերից, չի կարող դրա դեմն առնել: Այս հիվանդանոցի հարցը ողջ առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել առողջապահական համակարգի աղբյուրի վրա: Վիշապը պետք է գլխատվի, վերջ»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով` որևէ ստորագրահավաք չի կարող արդարացնել  չարաշահումները:

Նախարարը նշել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նշանակվելու է ժամանակավոր պաշտոնակատար, անց է կացվելու տնօրենի նոր մրցույթ, բոլոր հիվանդանոցները անցնելու են տնօրենների կառավարման խորհրդի ներքո, և որևէ տնօրեն չի կարողանալու ինքնագլուխ տնօրինել ահռելի միջոցները:

Հիշեցնենք, որ այսօր աշխատանքից ազատվել է սույն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Արա Մինասյանը, քանի որ բժշկական կենտրոնում,  ըստ առողջապահության նախարարի, հայտնաբերվել են խոշոր չարաշահումներ: Տնօրենի` աշխատանքից ազատվելուց հետո բժշկական կենտրոնի անձնակազմը դուրս է եկել բողոքի ակցիայի` պահանջելով վերականգնել Արա Մինասյանին բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում: Բողոքող անձնակազմը նաև պահանջել է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայանա և լսի իրենց պահանջները:

Source: Yerkir Media
Link: «Վիշապը պետք է գլխատվի, վերջ»․ առողջապահության նախարար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image