Վրաստանի սահմանադրական դատարանը մարիխուանայի օգտագործումը օրինական է ճանաչել, տեղեկացնում է «Գրուզիա օնլայն»-ը։
Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ նշել է, որ մարիխուանայի օգտագործումը անձի ազատ զարգացման իրավունքով պաշտպանված գործողություն է։ Այս որոշմամբ Վրաստանում չեղարկվել է մարիխունայի օգտագործման համար պատիժը։
Սահմանադրական դատարանը քննում էր «Գիրչի» կուսակցության նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեի եւ կուսակցության անդամներից Վախթանգ Մեգրելիշվիլիի համատեղ հայցը, որը ենթադրում էր մարիխունայի օգտագործման վարչական տուգանքի չեղարկում։
Հայցվորները շեշտել են, որ մարիխուանայի օգտագործումը վնասում է միայն նրանց, որոնք այն կիրառում են եւ հանրային շահերի համար որեւէ վտանգ չի ներկայացնում։
«Սպուտնիկ Գրուզիան» իր հերթին նշում է, որ Վրաստանում արդեն կարելի է մարիխուանա օգտագործել, բայց արգելվում է գնել կամ պահպանել այն։ Մինչեւ 5 գրամ չորացրած եւ մինչեւ 10 գրամ չչորացրած մարիխուանա պահելու համար նախատեսված է 500 լարի (մոտ 99 000 դրամ) վարչական տուգանք։ Մեծ քանակության դեպքում նախատեսված է քրեական պատասխանատվություն։
Source: Yerkir Media
Link: Վրաստանն օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը