«Տանկասպան» անվանումով հայտնի զինատեսակը՝ Գյումրիում
January 29, 2018
Զինվորական շքերթ, ցուցադրական ելույթներ․․․Երեկ Բանակի տոնը նշել են նաեւ հանրապետության 2-րդ քաղաքում՝ Գյումրիում: Սակայն զուտ տոնական միջոցառումից զատ, այն մեկ այլ հատկանշական փաստով է առանձնացել, քանի որ ռազմական փորձագետների համար անակնկալ է եղել, երբ ցուցադրված զինատեսակների մեջ նկատվել է ռուսական արտադրության ժամանակակից «Կոռնետ» հակատանկային հրթիռային համակարգը: Վաղուց էին լուրեր շրջանառվում, որ Հայաստանը նման զինտեխնիկա ունի, սակայն, «տանկասպան» անվանումով հայտնի զինատեսակը առաջին անգամ Գյումրիում են ցուցադրել:
Հիշյալ համակարգերն առանձնանում են իրենց հզոր բնութագրիչներով, քանի որ ի տարբերություն Հայաստանի զինված ուժերի սպառազինությունում առկա այլ կայանքների, ունակ են ոչնչացնել ցանկացած տեսակի տանկային եւ զրահապատ մեքենաներ, այդ թվում վերջին շրջանում Ադրբեջանի ձեռք բերած մեծ հռչակ ունեցող Տ-90 տանկերը։
Ռուս փորձագետներն արձանագրում են, որ նման զինտեխնիկայի շնորհիվ հակառակորդի տանկային համալրումը դառնում է խիստ անօգուտ։