Տարոն Մարգարյանը խոստանում է վերանորոգել Երևանի բոլոր մանկապարտեզները
May 8, 2017
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանդիպում ունեցավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՀԿ քարոզչական թիմը գլխավորում էր Երևանի գործող քաղաքապետ, ավագանու ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու ՏարոնՄարգարյանը:
Տարոն Մարգարյանը որպես երևանցիներին հուզող առաջնային հարց առանձնացրեց հանրային տրանսպորտի խնդիրը: Նա նշեց, որ իրենք մի քանի տարի առաջ փորձել են մասնակի լուծում տալ խնդրին, սակայն չի հաջողվել: Տարոն Մարգարյանը, սակայն, հավելեց, որ անցած տարիների ընթացքում իրենք ձեռքերը ծալած չեն նստել և քայլեր են ձեռնարկել հանրային տրանսպորտի խնդիրները լուծելու եղանակներ գտնելու համար: «Մենք ուսումնասիրել ենք զարգացած քաղաքների փորձն այս ոլորտում և կարող ենք ասել, որ լուրջ փորձ ենք ձեռք բերել և պատկերացնում ենք, թե ինչպես ենք լուծելու այս խնդիրը: Մեզ դրա համար անհրաժեշտ է ժամանակ և վստահություն, որպեսզի մենք կարողանանք այդ ոլորտում հստակ բարեփոխում իրականացնել: Բարեփոխումը ենթադրում է ոչ թե ժամանակավոր լուծում, այլ մենք ամբողջությամբ լուծելու ենք հանրային տրանսպորտի խնդիրները»,- մանրամասնեց Երևանի քաղաքապետը:
Նա նաև խոստացավ ընտրվելու դեպքում առաջիկա 5 տարիների ընթացքում վերանորոգել կամ հիմնանորոգել Երևանի բոլոր մանկապարտեզները, ապահովել դրանք նոր գույքով: