Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից և միջազգային հանրությունից պահանջում է վերջնականապես լուծում տալ ԼՂ-ն բանակցությունների սեղան վերադարձնելու հարցին:
Սահակյանը Ստեփանակերտում հրավիրված ասուլիսում ընդգծեց, որ ցանկացած որոշում՝ առանց Արցախի մասնակցության, կլինի թերի:
«Եթե չվերանայենք մոտեցումը բանակցային գործընթացի նկատմամբ, մենք ունենալու ենք թերի որոշումներ: 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման համաձայն` ԼՂ-ն հակամարտության կողմ է, և այդ որոշումն իրակավական առումով ուժը կորցրած չէ: Հետևաբար, անհրաժեշտ է վերջնականապես վերանայել այս պահանջը, քանի որ սա ունի ակնհայտ արտահայություն, և վերջին իրադարձությունները հիմք են միջազգային հանրության համար` վերադառնալու բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի»,- ասաց ԼՂՀ նախագահը:
Նա ընդգծեց, որ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև չէ, այլ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի, և Ադրբեջանին հաջողվել է արհեստականորեն ներքաշել Հայաստանի Հանրապետությունը: Բակո Սահակյանի խոսքով` այնպես չէ, որ Հայաստանն ամբողջապես չի ներկայացնում Արցախի շահերը, ընդհակառակը, Հայաստանն Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է:
«Պարզապես հակամարտությունն իր բնույթով այնպիսին է, որ բանակցությունների սեղան վերադառնալու մեր պահանջը բխում է տրամաբանության դիրքերից. աշխարհում չկա որևէ հակամարտություն, որտեղ լուծումները գտնվում են առանց հիմնական դերակատարի»,-ասաց Արցախի նախագահը:
Բակո Սահակյանն ընդգծեց, որ ՄԽ համանախագահներն իրականացնում են ակտիվ միջոցառումներ, որոնք բերել են նրան, որ կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել:
«Մշտապես հնարավորություն եմ ունեցել գնահատականներ տալու միջնորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը և ոչ միայն գնահատականներ եմ տվել, այլ շնորհակալություն եմ հայտնել միջազգային հանրությանը նրանց ջանքերի համար: Հարաբերական խաղաղությունը, որ տիրում էր մինչև ապրիլի 1-ը, ապահովվում էր նաև ՄԽ համանախագահների շնորհիվ: Շնորհակալության հետ մեկտեղ, սակայն, դժգոհություն էի հայտնում բոլոր հանդիպումների ժամանակ, որ խաթարված ձևաչափով անհնար է հասնել վերջնական լուծման: Այսօր էլ այն համոզմանն ենք, որ ցանկացած նախաձեռնություն և առաջարկություն առանց ԼՂ պաշտոնական մասնակցության, չի կարող լիարժեք լինել և վերջնականապես կյանքի կոչվել»,- ասաց Սահակյանը:
Source: Yerkir Media
Link: «Ցանկացած նախաձեռնություն և առաջարկություն՝ առանց ԼՂ մասնակցության, չի կարող վերջնականապես կյանքի կոչվել»