Փաշինյանը ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգեց ռեյդեր իրականացնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը հանձնարարել է ամենակարճ ժամանակում բացահայտել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը համացանցում հրապարակողներին: Վարչապետն այդ հեռախոսազրույցի գաղտնալսումը որակեց դավադրության Հայաստանի պետականության դեմ:

Նա այս մասին հայտնեց «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում քարոզարշավի իր ելույթում:

Վարչապետը նշեց՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի շփումը մշտական է: Դա այդպես է աշխարհի բոլոր երկրներում: Վարչապետը հիշեց՝ երբ դեռ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էր, հրապարակել էր տեղեկություն, որ իրենց տեղեկություններով որոշ օլիգարխներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ժողովրդից թալանած միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և պետական ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ: Վարչապետը հավելեց, որ «բոլոր չակերտավոր ծառայությունները հայտնաբերվելու և ոչնչացվելու են»:

«Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են, և ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխներին,  բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին զինաթափել», նշեց Փաշինյանն ու, դիմելով  Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ասաց, -«2 ժամից ուզում է լսել կատարված աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին զեկույցը»:

Վարչապետը նշեց՝ բոլոր նրանք, ովքեր սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը շփոթում են թուլության հետ, ուրեմն հենց այսօր կզգան օրենքի և ժողովրդի հուժկու հակահարվածը: Բաց ձեռքերի հեղափոխությունը շարունակվում է: Վարչապետը շեշտեց՝ չեն պայքարում որևէ մեկի դեմ, այլ պայքարում են արդարության համար: Նա վստահեցրեց՝ իր անվտանգության երաշխավորը ժողովուրդն է:

Source: Yerkir Media
Link: Փաշինյանը ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգեց ռեյդեր իրականացնել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image