Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Այս մասին վարչապետն ասել է «Ֆեյսբուք»-ում ուղիղ եթերի ժամանակ:

«Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց, և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն կտանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս մասին տեղյակ է պահվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին:

«Հանձնարարական և համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին և նախորդ գիշերը, կարող եմ ասել, եղել է իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենախաղաղ գիշերը»,-նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խոսակցության ընթացքում արձանագրվել է նաև  բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունը:

«Մենք պայմանավորվել ենք օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել, և իսկ թե այն ինչպիսին  կլինի տեխնիկական առումով`  պայմանավորվածություն ձեռք չենք բերել»,-ընդգծել  է նա՝ հավելելով, որ  բովանդակային որևէ քննարկում չի եղել:

«Ես ուրախ եմ և հույս ունեմ, որ այդ պայմանավորվածությունները կպահպանվեն, քանի որ  դրանց պահպանումը չափազանց կարևոր է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Source: Yerkir Media
Link: Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image