Քերիի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը ընդգծել է բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմանները

Աշխատանքային այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդմամբ, կողմերը քննարկել են ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները:

Կարևորելով ՄԽ համանախագահողների մայիսի տասներկուսի հայտարարությունը` նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է ապահովել 1994թ. զինադադարի մասին և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի լիարժեք իրականացումը, ինչպես նաև՝ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շուտափույթ ներդրումը, ընդգծելով փաստը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարներն են նախաձեռնել ներկայիս հանդիպումը:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նրանք նույնպիսի հետևողականությամբ իրենց հասցեական դիրքորոշումներով ու հստակ քայլերով կնպաստեն բանակցությունների վերսկսման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ:


Source: Yerkir Media
Link: Քերիի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը ընդգծել է բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմանները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image