Օբաման պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ի հետ ակտիվացնելու ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ

July 7, 2016

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ ակտիվացնելու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասված է երկու ղեկավարների բանակցությունների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

«Նախագահ Օբաման պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ որպես Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ Մինսկի խմբի համանախագահների հետ ակտիվացնելու ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Պուտինը հեռախոսով Օբամային՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահ երկրի ղեկավարի իրազեկել էր հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հետ կայացած  եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Երկու պետությունների ղեկավարների միջեւ զրույցը կայացել է ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ:

«Պուտինն ընդգծել է, որ բանակցություններ կազմակերպելիս Ռուսաստանը հիմք է ընդունել հակամարտության գոտում իրադրության շուտափույթ կայունացմանն աջակցելու եւ հաշտության գործընթացի առաջշարժման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Բարաք Օբաման բարձր գնահատական է տվել Ռուսաստանի ձեռնարկած ջանքերին: Համաձայնություն է ձեռք բերվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում շարունակելու համատեղ ակտիվ աշխատանքն այդ կարեւոր ուղղությամբ»,- ՏԱՍՍ-ին հաղորդել են Կրեմլում:


Source: Yerkir Media
Link: Օբաման պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ի հետ ակտիվացնելու ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image