Օպերային արվեստի սիրահարների համար Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատրաստվում է նոր տարեշրջանին: Մինչ այդ այսօր թատրոնի գլխավոր տնօրենն ասուլիս է հրավիրել եւ ամփոփել անցնող մշակութային տարին:
Ինչու՞ Գեղամ Գրիգորյանի գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո, հեռացավ թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը չէր ցանկանում այս հարցի մասին խոսել . ծեծված թեմա է, բայց հարց հնչեց:
«Մի ձիու վրա երկու գեներալ չի լինում, իրան առաջարկվեց մնալ որպես դիրիժոր, ես հիմա էլ եմ ասում՝ ինքը որպես մասնագետ բարձր մակարդակի է, եւ մինչեւ հիմա էլ ասում եմ՝ թող գա նորից աշխատի»,- ասաց Անդրանիկ Արզումանյանը:
Կարեն Դուրգարյանին առաջարկել են թատրոնում շարունակել աշխատել, բայց ոչ որպես գլխավոր դիրիժոր: Առաջարկը չի գոհացրել. «Ուղղակի ետ գլխավոր բառը դուրս էր գալիս». մանրամասնեց բանախոսը:
Նոր գեղարվեստական ղեկավարի՝ Կոնստանտին Օրբելյանի նշանակումից հետո թատրոնը գլխավոր դիրիժորի հաստիքի կարիք ընդհանրապես չունի: Մաեստրոն նաեւ դիրիժոր է: Հարցին, թե ինչպես են հարմարվել այս փոփոխությանը՝ Անդրանիկ Արզումանյանն ասաց՝ առանց խնդրի: Ճիշտ է աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով մասետրոն չի կարող ամեն օր թատրոն գնալ, դրսում եւս ծրագրեր ունի, բայց այստեղ նոր նշանակման արդյունավետությունն արդեն զգում են: Ըստ թատրոնի գլխավոր տնօրենի՝ նշանակման հաջորդ օրը շատ հայտնի երաժիշտների բերեց:
Նոր ծրագրերի մասին Կոնստանտին Օրբելյանը կխոսի արդեն սեպտեմբերին, իսկ մինչ այդ թատրոնի աշխատակազմը կարճատեւ ատեստավորում կանցնի, որ նոր գեղարվեստական ղեկավարն էլ հասկանա՝ ինչ թիմի հետ է աշխատելու:
Խնդիրներ եղել են, բայց անցնող տարեշրջանից Անդրանիկ Արզումանյանը գոհ է: Անհասկանալի էր միայն, թե ինչու Բելինիի «Նորմա» օպերայի պրեմիերայից հետո բեմադրիչը՝ Բորիս Հայրապետյանը, թատրոն այլեւս չմտավ եւ պահանջեց ներկայացումը հանել խաղացանկից:
«Եթե խնդիր էր տեսնում ինքը որպես բեմադրիչ պետք է մնար ու աշխատեր»,- կարծիք հայտնեց Անդրանիկ Արզումանյանը:
Պրեմիերաներ թատրոնում սպասվում են նաեւ այս տարեշրջանում: Նոր տարեշրջանը թատրոնում կբացվի նոր «Սասունցի Դավիթ» օպերային ներկայացմամբ: Մինչ երեւանյան հանդիսատեսին հասնելը, բեմելը կլինի Արցախում` սեպտեմբերի մեկին:
Source: Yerkir Media
Link: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տարեշրջանում պրեմիերաներ են սպասվում