«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ իր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում եւ անցկացնել համեմատական վերլուծություն:
Դաշինքի տարածած հաղորդագրության համաձայն, համեմատությունը թույլ կտա պարզել՝ կա մատնահետքերի համընկնում, թե ոչ:
«Նման համընկնումների ծավալները ճշտելուց հետո հնարավոր կլինի կամ հաստատել կամ հերքել կեղծ անձնագրերով կրկնաքվեարկության իրականացման կասկածները»,- ասված է հաղորդագրությունում:
Ի դեպ, դաշինքի խոսնակ Արեգնազ Մանուկյանն ազատություն ռադիոկայանին ասել է, որ իրենք չեն դիմելու փողոցային բողոքի գործողությունների։
«Միայն քաղաքական ուժի ցանկությունը՝ հետընտրական զարգացումների գնալու, դեռ բավարար չէ, իսկ ժողովրդի կողմից այժմ մենք նման պահանջ՝ փողոց դուրս գալու, կարծես թե չենք տեսնում»,- նշել է նա, պարզաբանելով, որ ամենայն հավանականությամբ չեն դիմի Սահմանադրական դատարան բողոքարկման համար, քանի որ իմաստ չեն տեսնում։
Source: Yerkir Media
Link: «ՕՐՕ»-ն դիմել է ԿԸՀ-ին՝ մատնահետքերի համեմատական վերլուծություն անելու համար