Նախընտրական քարոզչության ողջ ժամանակահատվածում հեռուստաեթերում բոլոր քաղաքական ուժերը համաչափ են լուսաբանվել, չնայած, որ ամենաշատ անդրադարձ է եղել իշխող Հանրապետական կուսակցությունը: էթիկայի խախտումներ էլ են եղել , բայց, ըստ Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի, իրենց մոնիտորինգի արդյունքներն ամփոփել են՝ պակաս դժգոհություններով:
Ու եթե հաշվի առնենք, որ մեր բնակչության 80 տոկոսի համար շարունակում է տեղեկատվության աղբյուր մնալ հեռուստացույցը, ապա այս ընտրություններում էլ չտեսանք մի բան, ինչը վերջին անգամ ընտրություններից առաջ տեսել ենք հեռավոր 2003-ին՝ բանավեճ ընտրապայքարի դուրս եկած ուժերի առաջին դեմքերի միջեւ: Սա մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանն անընդունելի է համարում:
«Թող գան բանավիճեն, պաշտպանության նախարարը մի բան է ասում , նախկին նախարարը մի ուրիշ բան: Է, եկեք բանավիճեք»,- ասում է մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
Մեսրոպ Հարությունյանը վստահ է՝ բանավեճից խուսափող քաղաքական գործիչն ասելիք չունի: Եթե ընտրապայքարի սկզբում վախենում է հրապարակային իր տեսակետները ներկայացնել, բանավիճել , ինչպես կկարողանա աշխատել, ասենք, խորհրդարանում, որը կոլեգիալ մարմին է, բանավեճի տեղ:
Խնդրի լուծումը Մեսրոպ Հարությունյանն արդեն առաջարկի տեսքով ներկայացրել է, նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ դեբատները մասնակից քաղաքական ուժերի առաջին համարների միջեւ դարձնել պարտադիր:
«Ես առաջարկել եմ , առաջարկում եմ ու շարունակելու եմ առաջարկել՝ Հանրային հեռուստաընկերության եթերում համապետական ցուցակների առաջին համարները պարտավոր են մասնակցել հեռուստաբանավեճերի»,- ասում է մեդիափորձագետը։
Քարոզարշավի ընթացքում մենախոսող քաղաքական գործիչներին իրար հետ բանավիճելու առաջարկներ շատ են եղել՝ հրաժարվել են՝ տարբեր պատճառներով: Մեդիափորձագետն ասում՝ եթե չեն գալիս իրենց կամքով, ուրեմն պետք է այնպիսի մեխանիզմ մշակել,որ գան պարտադրված։
Source: Yerkir Media
Link: Մեդիափորձագետ՝ բանավեճից խուսափող քաղաքական գործիչն ասելիք չունի