Օֆշորային սկանդալի պատճառ դարձած փաստաթղթերը գաղտնազերծողը հայտարարություն է տարածել

Պանամայի թերթի անանուն աղբյուրը, ով գաղտնազերծել է  Mossack Fonseca-ի փաստաթղթերը՝ օգնելով բացահայտել օֆշորային երկրներում բիզնեսներ ունեցող մի շարք պաշտոնյաների տարբեր երկրներից, առաջին անգամ «կոտրել է լռությունը»՝ աջակցելով իրավապահ մարմիններին հետապնդում սկսել տվյալ պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Աղբյուրը հայտարարություն է տարածել, որի մեջ նշել է, որ երբեք չի աշխատել լրտեսական գործակալությունում կամ կառավարությունում:

Չնայած այն փաստին, որ որպես աղբյուրի անուն օգտագործվում է տղամարդու «John Doe» անունը, այնուամենայնիվ, աղբյուրի սեռը դեռ հայտնի չէ:

Նա սկսել է իր հայտարարությունը, նշելով, որ իր դրդապատճառը եղել է եկամտային հավասարությունը.

«Եկամտային հավասարությունը մեր ժամանակներում ամենանշանակալի բաներից մեկն է: Բանկերը, ֆինանսական կառավարիչները ու հարկային մարմինները ձախողվել են այս հարցում: Նրանք խնայում են հարուստներին՝ կենտրոնանալով փոքր և միջին եկամուտ ունեցող քաղաքացիների վրա»,- նշել է սկանդալի բացահայտման հեղինակը:

Այնուհետև ավելացրել. «Պանամայի թերթը կարող է հետապնդումների ենթարկվել, եթե իրավապահները չկարողանան հասնել իրական փաստաթղթերին: Ես պատրաստ եմ համագործակցել իրավապահ մարմինների հետ ու օգնել՝ ինչով կարող եմ: Ակնհայտ խախտումների մասին ահազանգողները, անկախ նրանից՝ ներսից են, թե դրսից, պետք է ապահովագրված լինեն կառավարության հաշվեհարդարից»:

Աղբյուրը նշել է, որ իր քայլը որեւէ քաղաքական պատճառ չունի.

«Իմ տեսակետը ու իմ որոշումը՝ կիսվելու այդ փաստաթղթերով գերմանական  Suddeutsche Zeitung թերթի և Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հետ, ամբողջությամբ իմ սեփականն է: Որևէ քաղաքական հատուկ նպատակ չկա: Պատճառը միայն այն էր, որ ես լավ հասկանում եմ դրանց բովանդակությամբ անարդարությունների բացահայտման մասշտաբները բացահայտելու արժեքը: Ես որոշել եմ բացահայտել Mossack Fonseca  ընկերությանը, որովհետև կարծում եմ՝ դրա հիմնադիրները, աշխատակիցները ու հաճախորդները պետք է պատասխան տան հանցագործությունների մեջ իրենց մասնակցության համար, որոնցից մի քանիսն են այժմ բացահայտված: Ընկերության անազնիվ քայլերը ամբողջովին բացահայտելը կտեւի տարիներ, հնարավոր է՝ տասնամյակներ:»:

Պանամայում հիմնադրված Mossack Fonseca-ը պնդում է, որ արտերկրից հաքերային հարձակում է եղել իրենց սերվերների վրա, և բողոք են ներկայացրել Պանամայի դատախազի գրասենյակ:

Ընկերությունը պնդում է, որ ապօրինություններ չի կատարել, և ամբողջ տեղեկատվությունը խեղաթյուրված է ներկայացվում:

Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը հրապարակել է Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթեր: Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, որի դեմ արդեն քրեական գործ է հարուցվել, բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների:

Ավելի ուշ «Հետք»-ի լրագրող Քրիստինե Աղալարյանը հայտնել է, որ շուտով նոր անուններ են հրապարակվելու, ովքեր նունպես ընդգրկված են օֆշորային գոտում բիզնեսներ ունեցողների շարքում:


Source: Yerkir Media
Link: Օֆշորային սկանդալի պատճառ դարձած փաստաթղթերը գաղտնազերծողը հայտարարություն է տարածել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image