«Չի կարելի ժխտել, որ Նիսում իրագործված հարձակումը կապված է ահաբեկչության հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հատուկ հեռուստաուղերձի ժամանակ, որով նա հանդես է եկել հուլիսի լույս 15-ի գիշերն այն բանից հետո, երբ շտապ վերադարձել է Ավինյոնից:
«Ամբողջ Ֆրանսիայի վրա իսլամական ահաբեկչության սպառնալիք է կախվել: Այս հանգամանքներում մենք պետք է բացարձակ զգոնություն եւ վճռականություն հանդես բերենք»,- ընդգծել է նա:
Օլանդը հայտարարել է, որ նոյեմբերյան ահաբեկչական գործողություններից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը, որը Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում էին մինչեւ հուլիսի վերջը վերացնել, կերկարաձգվի եւս երեք ամսով:
Ինչպես նշել է Օլանդը, անվտանգության ապահովման համար կներգրավվեն 10 հազար զինվորականներ: Ֆրանսիայի ղեկավարը նաեւ խոստացել է ուժեղացնել ծայրահեղականների դեմ հարվածները Սիրիայում եւ Իրաքում:
«Մենք կշարունակենք իրենց որջում հարվածներ հասցնել նրանց, ովքեր հարձակվում են մեզ վրա»:
Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահը մայրաքաղաքում համապատասխան կառույցների հետ ունեցած խորհրդակցություններից հետո հուլիսի 15-ին` օրվա երկրորդ կեսին կայցելի Նիս:
Source: Yerkir Media
Link: Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի եւս երեք ամսով