Panorama.am— Հռոմի պապի Հայաստան այցին ընդառաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել «Ռադիո Վատիկան»-ին, որտեղ անդրադարձել էր Պապի այցի, հայրենիք-սփյուռք համագործակցության կարևորությանն ու ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացին:
-Համայն հայությունը և Հայաստանը 3 օր շարունակ պետք է ապրեն հուզումնալից պատմական օրեր, քանի որ Սրբազան Քահանայապետը այցելելու է մեր երկիր: Ինչպես է Հայաստանը պատրաստվել այս այցելությանը:
-Մենք հպարտ ենք, մենք շոյված ենք և մենք երախտապարտ ենք Սրբազան Քահանայապետի այցելությամբ ու նրա վերաբերմունքից: Տարիներ շարունակ նա իր շատ ջերմ վերաբերմունքն ու հարգանքն է ցուցաբերում աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովրդի նկատմամբ: Դա անում է շատ մեծ սիրով և ինչպես ես եմ հասկանում, ինչպես բոլոր հայերն են հասկանում՝ դա գալիս է նրա համոզմունքից, նրա սրտի խորքից: Ուստի մենք մեր բոլոր հնարավորություններն ի սպաս ենք դրել, որպեսզի մեր ժողովուրդը և առաջին հերթին հավատացյալները՝ ինչպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, այնպես էլ կաթոլիկները հնարավորություն ունենան ինչ-որ կերպ շփվելու Սրբազան Քահանայապետի հետ: Եվ կարծում եմ, որ այս երեք օրերի ընթացքում մեր ժողովուրդը հնարավորություն կունենա զգալու նրա ջերմությունը, նրա էներգիան հայ ժողովրդի նկատմամբ: Կարծում եմ՝ ամեն ինչը շատ բարձր մակարդակով կլինի:
-Արդյոք մենք կարո՞ղ ենք ակնկալիքներ ունենալ այս այցելությունից:
-Անշուշտ: 15 տարի առաջ նորին սրբություն Հռոմի պապ սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700 ամյակին էր նվիրված: Ֆրանցիսկոս պապի այս պատմական այցը նշանավորում է մեկ այլ նվիրական տարեդարձ: ՀՀ անկախության 25-րդ տարեդարձ: Անկախություն, որի մասին դարեր շարունակ երազել են մեր պապերը: Անկախություն, որի մասին դարեր շարունակ երազել են մեր պապերը: Հայաստանի և Վատիկանի հարաբերությունները մշտապես նշանավորվել են բարձր քաղաքական երկխոսությամբ, որովհետև այդ հարաբերությունները հիմնված են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգի, ընդհանուր պատմական ժառանգության և արդի աշխարհում առկա դժվար լուծելի խնդիրների նկատմամբ սկզբունքային, գրեթե նույնական մոտեցումներով: Վերջին տարիներին իմ խորին համոզմամբ այս հարաբերությունները նոր որակ են ստացել: Իհարկե, դրան նպաստել է այն հանգամանքը, որ 2013 թվականին Սուրբ աթոռում հիմնվեց Հայաստանի դեսպանությունը, անշուշտ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված և Սրբազան Քահանայապետի կողմից մատուցված պատարագը, ինչպես նաև, որ չափազանց կարևոր եմ համարում, մեր ժողովրդի ամենալուսավոր զավակներից մեկին՝ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետի կոչման շնորհումը: Գիտեք միգուցե, ես իմ կարծիքն եմ անշուշտ հայտնում, կարծում եմ որ աշխարհում չկա այնպիսի մի ատյան, որ կարողանար հաստատել հայ ժողովրդի վաստակը քրիստոնեական արժեհամակարգի և ընդհանրապես եվրոպական արժեհամակարգի ձևավորման գործում և Գրիգոր Նարեկացուն շնորհելով այդ կոչումը կաթոլիկ աշխարհը ընդգծեց հենց հայ ժողովրդի մասնակցությունը այդ արժեհամակարգի ձևավորմանը: Իհարկե Մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, երբ քրիստոնեաների հանդեպ այդպիսի բռնություններ են տեղի ունենում, երբ ոչնչացվում է պամամշակութային ժառանգությունը, Սրբազան պապի այցը առաջին քրիստոնեական երկիր առանձնահատուկ նշանակություն է ստանում: Եվ վերջապես մեր երկիրը գտնվում է շատ բարդ տարածաշրջանում, մեր ժողովուրդը ապրում է շատ բարդ միջավայրում, որտեղ առկա են բազմատիվ հակամարտություններ, բազմաթիվ չլուծված խնդիրներ, բարդ հարաբերություններ, Ֆրանցիսկոս Պապի խաղաղությանը, հանդուրժողականությանը, միջկրոնական համերաշխությանն ուղղված պատգամները և ուղերձները շատ հզոր ազդակ են այս խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու և ժողովուրդների համակեցությունը, խաղաղ գոյակցությունը ապահովելու մասին: Սա չափազանց կարևոր հանգամանք է: Եվ անշուշտ Ֆրանցիսկոս պապի այցը առաջին քրիստոնեական երկիր խոսում է կաթոլիկ աշխարհի վերաբերմունքի մասին մեր ժողովրդի հանդեպ ու նաև մեր հարաբերություններին նոր թափ ու նոր որակ հաղորդելու մասին:
-Պարոն նախագահ, Սրբազան Քահանայապետը իր այս եռօրյա այցելության ընթացքում պետք է այցելի զանազան վայրեր, որոնց թվում է նաև Ծիծեռնակաբերդը: Այսօր միջազգային մի շարք լրատվամիջոցներ հետաքրքրվում են, արդյո՞ք Քահանայապետը կասի ցեղասպանություն բառը: Դուք ի՞նչ եք կարծում այս մասին:
-Մեր ժողովուրդը մշտապես արդարության կարոտ է եղել և շատ երկար տարիներ աշխարհում միայն մեծ հումանիստներն էին խոսում ցեղասպանության մասին: Իհարկե ժամանակները փոխվել են և արդեն տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, այդ թվում նաև Վատիկանը, և ոչ մեկ անգամ, ուստի անձամբ ինձ համար այլևս դա կայացած փաստ է: Պապը ոչ միայն համարում է, այլ նաև այն համոզմունքն ունի որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Իսկ թե իր գործունեության ընթացքում նա քանի անգամ կարտաբերի ցեղասպանություն բառը, միգուցե մեր ժողովրդի տարբեր հատվածների համար դա շատ կարևոր է, բայց կարծում եմ, որ գոնե Սրբազան Քահանայապետի մասով մենք այլևս այդպիսի ակնկալիք չպետք է ունենանք, որովհետև նա քանի անգամ ոչ միայն խոսքով այլ նաև գործով իր համոզմունքի մասին ասել է: Վստահ եմ, որ նա միշտ իրերն իրենց անուններով է կոչում:
-Նշեցիք, որ Հայաստանը դժվար օրեր է ապրում, և Սրբազան Քահանայապետը հենց այդ շրջանում է ժամանում Հայաստան: Ի՞նչ հեռանկար կա այս առնչությամբ:
-Մենք, ինչպես արդեն մի քանի անգամ ասացի, 1715 տարի առաջ ընդունել ենք քրիստոնեությունը որպես պետական կրոն, և այն դարձել է մեր ազգային ինքնության դրոշմը և քրիստոնեական գաղափարները մեզ ուղղորդել են այդ դժվարին ճանապարհներով մինչև 21-րդ դար, սովորեցրել են մեզ հանդուրժողականություն, սովորեցրել են մեզ զսպվածություն ու խնդիրները արժանապատվորեն հաղթահարելու կարողություն: Ես չեմ կարծում, որ այսօր մեր ժողովրդի պատմության ընթացքում ամենադժվարին ժամանակներն են: Մենք ունեցել ենք շատ ավելի դժվար ժամանակներ: Այսօր փառք աստծո անկախ պետություն ենք, ունենք զինված ուժեր, ունենք բարեկամներ, ունենք դաշնակիցներ և ես վստահ եմ, որ մենք նաև այս փորձությունն ենք կարողանալու հաղթահարել: Մեր մոտեցումը շատ պարզ է: Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Իհարկե մինչև ապրիլյան իրադարձությունները մենք խոսում էինք այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Այժմ մարդիկ մի քիչ դժվար են ընկալում թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր միջազգային պարտավորությունները: Բայց, այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք լավագույն ճանապարհը: Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը Լեռնային Ղարաբաղի բնակչության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի իհարկե մեծ զարթոնքի՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում:
Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ
Source: Yerkir Media
Link: Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստանի եւ Վատիկանի հարաբերություններին նոր թափ ու որակ կհաղորդի. Սերժ Սարգսյան