ԱԺ արտահերթ նիստը. կուտակայինն ընդունվեց առաջին ընթերցմամբ (ՈւՂԻՂ)

Ազգային Ժողովում արտահերթ նիստ է ընթանում։ Քվեարկության  դրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ընդունվեց 79 կողմ, 2 դեմ եւ 7 ձեռնպահ ձայներով։

Ձեռնպահ է քվեարկել ՀՅԴ խմբակցությունն ամբողջ կազմով։

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Մենք միշտ դեմ ենք եղել կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրմանը, մենք մեր դիրքորոշումը չենք փոխել: Այս նախագիծը որոշակիորեն մեղմում է 1974 թ. հետո ծնված երիտասարդների  ֆինանսական բեռը, ովքեր համակարգի մասնակից են: Քննարկելով մեր գործընկերների հետ՝ մենք կողմ կքվեարկենք, պայմանով, որ կառավարության հետ կշարունակենք մեր քննարկումները կուտակային պարտադիր բաղադրիչը հանելու համար»,- ասաց Զոհրաբյանը:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք այս նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև այն բարելավում պարունակում է, բայց չի լուծում կարևորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացման հարցը: Այդ պարտադիր բաղադրիչը խաթարում է սերուդների համերաշխության սկզբունքը, խաթարում է անձի սեփականության իրավունքը: Մենք ձեռնպահ ենք քվեարկելու այս նախագծին»,- ասաց Ռուստամյանը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հիշեցրեց, որ իր ելույթում արդեն հայտնել է իրենց դիրքորոշումը: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ սա հրատապ քայլ է, որ պետք է կատարվի, բայց քննարկումները պետք է շարունակվեն, պարտադիր բաղադրիչի էջը փակված չէ: Այդ իսկ պատճառով, որ կա բարելավում, մենք նույնպես կողմ ենք քվեարկելու»,- ասաց Մարուքյանը:

Քվեարկության դրվեց նաեւ նախորդ օրը քննարկված մի քանի այլ նախագիծ։

Առաջին ընթերցմամբ քննարկված հարցերի քվեարկությունից անմիջապես հետո քննարկման կներկայացվեն նախագծերը՝ արդեն երկրորդ ընթերցմամբ:

Օրենքով նախատեսվում է, որ հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչն ամբողջովին ուժի մեջ կմտնի, համակարգին կմիանան շուրջ 80 հազար քաղաքացիներ ևս, սակայն հուլիսի 1-ից սկսած քաղաքացիները կվճարեն իրենց աշխատավարձի 2.5 տոկոսը, իսկ պետությունը դրան կավելացնի 7.5 տոկոսը: Գործող օրենքով համակարգի մասնակից քաղաքացիները վճարում են իրենց աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս ավելացնում է պետությունը:

 

Source: Yerkir Media
Link: ԱԺ արտահերթ նիստը. կուտակայինն ընդունվեց առաջին ընթերցմամբ (ՈւՂԻՂ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image