Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցը: Խմբակցությունը նախագծով առաջարկում էր հողի հարկից ազատել այն գյուղացիներին, որոնց կրած վնասները բնական աղետների հետևանքով գերազանցելու են 40 տոկոսը: «Հաշվի առնելով այն բնակլիմայական ռիսկերը, որոնք կան Հայաստանում և լսելով գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների տարիներ շարունակ արտահայտած դժգոհությունները` մենք գտնում ենք, որ բնական աղետների պատճառով արդեն իսկ տուժած գյուղացիներին հարկելը, մեղմ ասած, անընդունելի է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց հիմնական զեկուցող, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանը:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել: Նա նկատեց, որ պետությունը տարբեր ծրագրերով սուբսիդավորում է գյուղացիներին, հետևաբար, հարկային օրենսգրքում նման լրացում կատարելու անհրաժեշտություն չկա:
Այնուհետև քվեարկության դրվեց հարցը Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում ներառելու հարցը, որին կողմ քվեարկեց 34, դեմ՝ 54 պատգամավոր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել:
Source: Yerkir Media
Link: ԱԺ-ն մերժեց «Ծառուկյան» խմբակցության նախագիծը