ԱՄՆ-ը պայթուցիկ միջոցների հայտնաբերման տեխնիկական լրակազմ է տրամադրել ՀՀ ՊՆ-ին
June 9, 2018
Հունիսի 8-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում կայացել է ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ անցկացվող պայթուցիկ միջոցների հայտնաբերման եւ վնասազերծման 1-ին մակարդակի մասնագետների պատրաստման երեքշաբաթյա դասընթացի ավարտական արարողությունը:
Դասընթացի նպատակն էր կատարելագործել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի ինժեներական անձնակազմի հմտությունները ՀՀ տարածքում ականազերծման եւ միջազգային առաքելությունների ընթացքում պայթուցիկ միջոցների հայտնաբերման եւ վնասազերծման գործողություններ իրականացնելու համար` ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ, ինչպես նաեւ պատրաստել ինժեներ-հրահանգիչների:
Դասընթացի ավարտին ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնվել է դասընթացի ընթացքում կիրառված ժամանակակից տեխնիկական միջոցների լրակազմը: