Միացյալ Նահանգներում ոստիկանի կողմից սեւամորթ տղամարդու սպանության հերթական դեպքն է արձանագրվել, ինչը նոր ցույցերի պատճառ է դարձել: 12 ոստիկան է վիրավորվել Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ՝ ցուցարարների հետ բախումների ընթացքում:
Ակցիայի մասնակիցները վնասել են ոստիկանական մեքենաները, քարեր նետել ոստիկանների վրա: Իրավապահներն էլ արցունքաբեր գազ են կիրառել: Անկարգությունների վերածված ցույցի պատճառ է դարձել սեպտեմբերի 20-ին ոստիկանների կողմից Շառլոթ քաղաքի սեւամորթ բնակչի սպանությունը:
Տեղի ոստիկանության փոխանցմամբ, նա կասկածի տեղիք է տվել, երբ իր մեքենայից դուրս է եկել՝ զենքը ձեռքին, ապա արագորեն վերադարձել մեքենա: Երբ նա կրկին հայտնվել է զենքով, ոստիկանը կրակ է բացել նրա ուղղությամբ: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ եւ մահացել է:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ սպանվածն այն անձը չէր, որին փնտրում էին ոստիկանները: Սպանվածի հարազատները պնդում են, որ նա զենք չի ունեցել եւ ձեռքին գիրք է եղել:
Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սեւամորթ տղամարդու սպանությունը ցույցերի պատճառ է դարձել