Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով ցուցահանդեսին 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական, 1 դեկորատիվ-կիրառական և 20 վավերագիր աշխատանքներ ներկայացվեցին: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։ Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Այվազովսկին հիանալի ծովանկարիչ էր, որը մասնավոր ներդրումներ էր կատարում մշակույթի զարգացման գործում: Նա երազում էր համախմբել աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայ նկարիչներին, որ միասնական ուժերով կարողանային զարկ տալ հայ կերպարվեստի բարգավաճմանը: Ժամանակին դա նրան չհաջողվեց, բայց այս ցուցադրությունը գուցե այդ նպատակին ծառայի»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Ցուցահանդեսից բացի, Հայաստանում կանցկացվի Այվազովսկուն նվիրված երկօրյա միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ից 16-ը: Գիտաժողովին հրավիրված են հյուրեր Ֆեոդոսիայի հուշային թանգարանից, Լոնդոնի, Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի թանգարաններից:
Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի ցանկում:
Source: Yerkir Media
Link: Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում (լուսանկարներ)