Առանց դեղատոմսի հնարավոր կլինի ձեռք բերել ցավազրկող, հակաալերգիկ և այլ բնույթի շուրջ 1600 անուն դեղեր

Կառավարության կողմից 2017-ի նոյեմբերի 9-ին ընդունված «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման համաձայն՝ Հայաստանում գրանցված  4723 դեղերից 3470-ը կվաճառվեն միայն դեղատոմսով: Այսպես՝ մարտի 1-ից դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակող դեղերը, հուլիսից` ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերից՝ բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով դուրս գրվող:

Առողջապահության նախարարությունը ոլորտում նման փոփոխությունը հատկապես հիմնավորում է նրանով, որ ներկայումս բազմաթիվ քաղաքացիներ կողմնակի խորհրդատվությունների վրա հիմնվելով՝ մեծամասամբ ինքնաբուժությամբ են զբաղվում՝ սեփական հայեցողությամբ դեղորայքային նշանակումներ իրենց համար կատարելով, ինչն իրենից մեծ ռիսկեր է պարունակում հենց հիվանդի առողջության համար: Նման փոփոխությամբ նրանք կզրկվեն այդ հնարավորությունից և առանց բժշկի ախտորոշման և դեղատոմսի նշանակման չեն կարողանա դեղորայքի շատ տեսակներ ազատ ձեռք բերել:

Yerkirmedia.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության Բժշկական տեխնոլոգիաների և մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետ Մարինե Հարությունյանը,  անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ դեղատոմսեր ձեռք բերելու համար քաղաքացիները ստիպված են լինելու ամեն անգամ բժշկի այցելել, իսկ դա ֆինանսական լրացուցիչ ծախսեր է ենթադրում և կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մարդկանց համար, նկատեց, որ ՀՀ-ում ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունը անվճար է, և առողջական խնդիրներ ունենալու դեպքում քաղաքացիների սպասարկման համար առաջնային օղակը հենց պոլիկլինիկաներն են: Մասնագետը վստահեցնում է՝ առաջնային օղակ դիմելու դեպքում քաղաքացիները կստանան անվճար խորհրդատվություն, և ախտորոշմանը համապատասխան դեղատոմս կնշանակվի հիվանդի համար, ինչի դեպքում քաղաքացիների համար ֆինանսական խնդիրներներ և լրացուցիչ բարդություններ չեն առաջանա:

Մեր զրուցակցի խոսքով՝ նախարարության կողմից հաշվի են առնվել այն մտահոգությունները, որ փոփոխությունների արդյունքում կարող է մեծանալ պոլիկլինիկաների ծանրաբեռնվածությունը, և քաղաքացիների հերթերի հետևանքով վերջիններիս սպասարկումը արդյունավետ չլինի: «Սա հաշվի առնելով՝ որոշում է կայացվել բազմակի դուրս գրման դեղատոմսի ձև ներդնել, որը գործում է 6 ամիս, և բոլոր այն հիվանդներին, ովքեր ի վիճակի չեն լինի սոցիալական խնդիրներից ելնելով միանգամից դեղորայքի ամբողջ քանակը գնել, կտրամադրվի բազմակի դեղատոմս, ինչը հնարավորություն կտա դեղի ամբողջ քանակությունը մաս-մաս ձեռք բերել, և արդյունքում ամեն ամիս բժշկի այցելելու անհրաժեշտություն չի լինի»,- պարզաբանեց նա:

Մասնագետը փաստում է՝ պոլիկլինիկաներից դեղատոմս ձեռք բերելու կարգը էապես հեշտացվել է, քանի որ եթե նախկինում քաղաքացիները պետք է դեղատոմսի վրա համապատասխան կնիքների առկայության համար բազմաթիվ օղակներով անցնեին, այդ պահանջները նոր կարգավորմամբ վերացվել են, և դեղատոմսի վրա բուժհաստատության ու բժշկի կնիքի կամ ստորագրության առկայությունը այն ձեռք բերելու համար բավարար կլինեն:

Պոլիկլինիկաներից օգտվելու հարցում դժվարություն չի առաջանա նաև մարզերում հաշվառված, բայց Երևանում բնակվող բազմաթիվ քաղաքացիների համար, անհրաժեշտ կլինի միայն հաշվառվել այն պոլիկլինիկայում, որը հարմար է վերջիններիս: «Իրավական առումով որևէ պարտադրանք չկա մարզերում հաշվառվածների համար օգտվել միայն մարզային պոլիկլինիկաներից: Բոլոր ցանկացողները կարող են դիմել իրենց հարմար պոլիկլինիկական ծառայություն՝ հայտնելով տվյալ տեղամասային ծառայությունում գրանցվելու ցանկության մասին, իսկ դա իրականացվելու է էլեկտրոնային համակարգով՝ առանց քաղաքացիներից հավելյալ տեղեկանքներ և փաստաթղթեր պահանջելու»,- տեղեկացրեց մասնագետը:

Առողջապահություն նախարարությունում խնդիր չեն տեսնում նաև այն հարցում, որ այսուհետ բազմաթիվ հիվանդներ խիստ անհրաժեշտության դեպքում չեն կարողանա իրենց բուժող բժշկի ցուցումով ցանկացած պահի անհրաժեշտ դեղորայք ձեռք բերել՝ ստիպված լինելով դիմել շտապօգնության ծառայությանը: «Եթե հիվանդն առողջական խնդիրներ ունի, հեռահար բժշկությամբ զբաղվելը հնարավոր չէ, քանի որ միայն դեղատոմսով դուրս գրվող դեղորայքը չի կարող առանց հետազոտությունների ու դրանց հիման վրա դեղատոմսի նշանակման տրամադրվել քաղաքացուն: Առանց դեղատոմսի հնարավոր կլինի ձեռք բերել ցավազրկող, հակաալերգիկ և այլ բնույթի շուրջ 1600 անուն դեղեր, որոնք անհրաժեշտ են լինում հիվանդներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ: Ավելի ծանր դեպքերում, եթե շտապօգնության ծառայությունում համապատասխան մասնագետը կամ դեղորայքը առկա չլինի, հիվանդը կարող է հոսպիտալացվել և անհրաժեշտ բուժօգնություն ստանալ»,- նշեց Հարությունյանը: Այդպիսով՝ սա առավել անվտանգ ու քաղաքակիրթ կդարձնի բուժսպասարկումը, քանի որ բժշկի կողմից հեռահար կերպով առանց հետազոտությունների դեղորայքի նշանակման դեպքում բժիշկը որևէ պատասխանատվություն չի կրում դրա համար, և իրավական որևէ փաստաթղթով չի արձանագրվում, թե ինչ նշանակում է կատարվել, և արդյոք դա պատճառ չի դարձել հիվանդության հետագա բարդացման համար:

Նոր կարգով նախատեսվում է նաև դեղատոմսերում բժշկի կողմից ոչ թե որևէ կոնկրետ դեղամիջոցի, այլ դեղերի համընդհանուր (ջեներիկ) անվանումները ներկայացնել, իսկ դեղատանը դեղ ձեռք բերող անձին պարտավոր են ներկայացնելու առկա նույն բաղադրատարրը պարունակող, նույն դեղաչափով և դեղաձևով փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ գների մասին: Հարությունյանի խոսքով՝ սա կատարվում է բժիշկների կողմից դեղորայք ձեռք բերելու հարցում ուղղորդումները կանխելու համար, քանի որ միշտ քաղաքացիների կողմից դժգոհություններ են եղել, որ բժիշկների կողմից այնպիսի դեղամիջոցներ են նշանակվում, որոնք գնելու հնարավորություն հիվանդները չեն ունենում,  ինչը զգալի կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: «Այս կերպ քաղաքացիները հնարավորություն կունենան առանց որևէ ուղղորդման, իրենց ֆինանսական միջոցներին համապատասխան, այս կամ այն դեղամիջոցը ձեռք բերել, և դեղագործն էլ իրավունք չունի որևէ կերպ ուղղորդել նրան»,- նշեց մասնագետը:

Դեղամիջոցներ ձեռք բերելու նոր կարգի դեպքում կարող են աճել նաև կոռուպցիոն ռիսկերը, երբ ամեն անգամ դեղատոմս ձեռք բերել չկարողանալով կամ դրանից խուսափելով քաղաքացիները փորձեն զարտուղի միջոցներով առանց դեղատոմսի դեղորայք ձեռք բերելու կոռուպցիոն տարբերակներ գտնել: Մեր այն դիտարկմանը, թե ինչ ռեալ մեխանիզմներով է պատրաստվում նախարարությունը վերահսկել դեղորայքի գնումների գործընթացը նման ռիսկերը կանխելու համար, Հարությունյանը վստահություն հայտնեց, որ վարչական իրավախախտումների մասին օրենքով դեղագործների համար տույժ-տուգանքներ են նախատեսված՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Առողջապահության նախարարության կազմում հատուկ տեսչություն է գործում, որը զբաղվում է նշված կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմամբ ու ոլորտի վերահսկողությամբ: «Ցանկացած դեղագործ, իմանալով առանց դեղատոմսի վաճառք իրականացնելու դեպքում օրվա մեջ մի քանի անգամ տուգանվելու ռիսկի մասին, չի գնա կոռուպցիոն գործարքի, քանի որ հենց դեղագործն է այդ դեպքում խոշոր չափով տուգանվելու, և ոչ թե դեղատան տնօրենը»:

Հարությունյանը վստահեցնում է՝ տեսչական մարմիններն ունեն բավարար լիազորություններ ու վերահսկողության մեխանիզմներ ոլորտի աշխատանքները կանոնակարգելու և կոռուպցիան ռիսկերը կանխարգելելու համար:

ՀԱՅԿ ՍԱՀԱԿՅԱՆ

Source: Yerkir Media
Link: Առանց դեղատոմսի հնարավոր կլինի ձեռք բերել ցավազրկող, հակաալերգիկ և այլ բնույթի շուրջ 1600 անուն դեղեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image