Արթուր Եղիազարյան՝ Դաշնակցության շահը հայ ժողովրդի շահն է

yerkir.am— Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՅԴ-ականները Շենգավիթում հանդիպեցին ընտրողների հետ` ներկայացնելով նախընտրական իրենց ծրագիրը:

ՀՅԴ անդամ, թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով առաջադրված Արթուր Եղիազարյանը հորդորեց ընտրողներին իրենց քվեն տալ Դաշնակցությանը, բայց ոչ թե նրա համար, որ ինքն այդ կուսակցության անդամ է, այլ նրա համար, որ Դաշնակցությունը հայ ժողովրդի իմունային համակարգն է: Ըստ նրա` որքան խորհրդարանում մեծ լինի Դաշնակցության տեսակարար կշիռը, այնքան մեր երկիրը պաշտպանված կլինի, իսկ որքան ցածր լինի, այնքան ավելի խոցելի կլինի երկիրը: «Դաշնակցությունը միակ քաղաքական ուժն է, որը հստակ ծրագիր ու նպատակ ունի` ոչ մի քաղաքական այլ ուժի չեք կարող ցույց տալ, որը հինգ, տասը տարի առաջ նույն բանն էր ասում ու նույն մոտեցումն ուներ այս կամ այն խնդիրների լուծման վերաբերյալ: Իսկ այդ փոփոխականությունը երաշխիք չի տալիս, որ այսօր ինչ խոստանում են, անելու են:

Այսօր, շատերը հասկանալով ժողովրդի ցավն ու խնդիրները, փորձում են շահարկել` ասելով այն, ինչ ժողովուրդը կուզեր լսել, բայց թե որքանով է դա իրատեսական` ոչ մեկ չի կարող ասել»,- ասաց Եղիազարյանը:

Նա նշեց նաև, որ հենց այդ պատճառով էլ ՀՅԴ-ն շահեկանորեն տարբերվում է մյուսներից, քանի որ ՀՅԴ-ն չունի իր խմբային շահը` Դաշնակցության շահը հայ ժողովրդի շահն է, քանի որ ՀՅԴ-ն հայ ժողովրդի միասնական կառույցն է:

«Վստահ եղեք` յուրաքանչյուրիդ քվեն է հաղթանակ բերում` եթե քվեն հաղթանակ չբերեր, այսօր չէին փորձի ձայներ գնել ու համոզել` կաշառքի տեսքով: Այո՛, մեր ժողովուրդը հիասթափվել է և մարդիկ, կորցնելով հավատը, մտածում են, որ իրենց քվեն ոչինչ չի որոշում և այս կերպ մտածողների թիվը 100 000-ավոր են դարձել, իսկ այդ հսկայական թիվն արդեն վճռական է դառնում: Դրա համար մարդկանց պետք է ասել, որ մեր երկրում կան նորմալ ու մաքուր մարդիկ, սակայն պետք է ընտրություն կատարել ոչ թե առաջնորդվելով անձերով, այլ կուսակցություններով»,- ասաց Եղիազարյանը:

Նա նշեց նաև, որ ճիշտ կուսակցություններ խորհրդարան բերելով` նորմալ երկիր կունանանք: Եղիազարյանի կարծիքով` առաջադրված բոլոր կուսակցությունների ցանկում էլ լավ մարդիկ կան, բայց պետք է հաշվի առնենք կարևոր մի հանգամանք` տվյալ մարդը, որ քաղաքական ուժն է ներկայացնում և իշխանություն գալուց հետո ինչքան ինքնուրույն է լինելու.

«Բոլորս էլ տեսնում ենք, որ մեծամասամբ մարդ կուսակցություններ են կամ թայֆաներ, որոնք կոչվում են կուսակցություն ու դրանով էլ վարկաբեկում նաև կուսակցություն հասկացությունը: Այդ լավ մարդիկ խորհրդարան գնալուց հետո կոճակ սեղմելուց բացի, ոչինչ չեն կարողանալու անել, դրա համար պետք է խորհրդարան բերել ՀՅԴ-ին, որը խորհրդակցական կուսակցություն է, որտեղ մեկ անձի կողմից չէ որոշում կայացվում»:

Source: Yerkir Media
Link: Արթուր Եղիազարյան՝ Դաշնակցության շահը հայ ժողովրդի շահն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image