Արյան պաշարներն այսօր համալրել են Երեւանի Նաիրի Զարյանի անվան 130-րդ դպրոցի տնօրեններն ու ծնողները: Նրանք այցելել են արյունաբանական կենտրոն ու կոչ արել մյուս դպրոցներին եւս՝ միանալ իրենց օրինակին: Այսօր կամավոր դոնոր է մեր հասարակության 7 տոկոսը, սակայն դա դեռեւս բավարար չէ:
Մարիա Հարությունյանը դոնորի բազկաթոռին միանգամից պառկեց, երբ մի պահ մտածեց, որ իր երեխայի տարիքի փոքրիկներ հիմա ունեն իր արյան կարիքը: Երբ Նաիրի Զարյանի անվան դպրոցի տնօրենը կազմակերպեց արյունատվության այս ակցիան, միանգամից որոշեց միանալ:
«Ես կոչ եմ անում բոլոր ծնողներին, ովքեր առողջ են, գան, արյուն հանձնեն, օգնեն այն բալիկներին, որոնք մեր կարիքն ունեն»,-նշեց նա:
130 դպրոցի ուսուցիչներն ու ծնողները, թվով 100 հոգի՝ կամավոր դոնոր են դառնում այսօրվանից: Աշխարհագարության ուսուցչուհի Արեւիկ Աբովյանը հաշվարկել է՝ ոչ թե մի քանի հարյուն, այլ մի քանի հազար դոնոր է պետք, որպեսզի արյան պաշարները բավարար լինեն արյան հիվանդություններ ունեցողների բուժման համար:
«Չեմ էլ զգացել, թե էդ պրոցեսն ինչպես է անցել ու ինձ շատ լավ եմ զգում:Չունեմ ոչ գլխապտույտ, ոչ թուլություն»,- ընդգծեց Նաիրի Զարյանի անվան 130 դպրոցի ուսուցչուհի Արեւիկ Աբովյանը:
Դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը որոշեց ամանորյա նվեր մատուցել հիվանդանոցում բուժվող փոքրիկներին: Ո՞ւմ պետք կգա իրենց արյունը՝ կարեւոր չէ: Արյունը հանձնելուց հետո խոստանում են. 3 ամիսը մեկ արյունաբանական կենտրոնի արյան բանկ նորից կայցելեն:
«Այս տարի մենք որոշեցինք արյան դոնորագրմամբ ամանորյա նվեր անել այս հիվանդանոցում ապաքինվող փոքրիկներին, որոնց մոտ կան խնդիրներ: Մեծ մասս կանայք ենք եւ կա մայրական բնազդ կոչվածը, մենք ծնողներով, ուսուցիչներով որոշեցինք, որ գանք եւ բոլոր նրանք, ովքեր առողջության հետ ապված խնդիրներ չունեն, ում արյունը որ պիտանի կլինի, պատրաստ են գալ եւ դառնալ կամավոր դոնորներ»,- մանրամասնեց դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
Արդյո՞ք արյուն հանձնելն անվտանգ է ու թույլատրելի է դոնորի համար՝ նախ պարզում են մանրակրկիտ հետազոտության ընթացքում: Քրոնիկական հիվանդների, վարակիչ հիվանդություններ ունեցողների համար դոնորությունը մնում է միայն ցանկություն:
«Կարեւորում եմ դպրոցի ուսուցիչների ու ծնողների այցելությունն արյան բանկ, արյունատվությհան ակցիային մասնակցելը: Աշակերտները նույնպես այցելեցին եւ նրանք տեսան, թե ինչպես իրենց ուսուցիչները եւ ծնողները արյուն են անցնում, կան հիվանդ երեխաներ եւ այն հիվանդ երեխաները կարիք ունեն այդ թարմ արյան բաղադրամաերի: Շատ դաստեարակչական դրվագ է՝ հենց դպրոցից կրթելու երեխաներին»,- նշեց Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:
Հանրապետության գլխավոր արյունաբանը բոլոր դոնորներին իր ղեկավարած կենտրոնում ուրախությամբ է ընդունում: Դեռեւս բավարար չեն այն մարդիկ, որոնք պատրաստ են մի քանի միլիլիտր արյուն հանձնելով՝ փրկել ուրիշի կյանքը: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակում են ամբողջ թիմով:
«Դոնորները կամավոր 7 տոկոս են կազմում, բավական մեծ աճ ենք ունեցել կամավոր դոնորների առումով, որը էլի բավարար չէ եւ այդ ուղղությամբ, իհարկե, աշխատում ենք ինչպես բուհերի, այնպես էլ դպրոցների հետ»,- հավելեց նա:
Դպրոցի մյուս նվերը արյունաբանական կենտրոնին՝ տոնածառն է: Եղեւնին զարդարել են ամբողջ անձնակազմով, որպեսզի դժվար միջամտություններից հետո երեխաները նաեւ ուրախանալու առիթ ունենան:
Source: Yerkir Media
Link:
Արյան կարիք ունեցող փոքրիկների համար այսօր դոնոր դարձան թիվ 130-րդ դպրոցի տնօրեններն ու ծնողները