ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 7-ին աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Այցի առաջին կանգառը Սեւանի հոգեբուժական հիվանդանոցն էր, որտեղ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 424 հիվանդ: Այստեղ նախարարը եւ մարզպետը ծանոթացան բուժհաստատության առօրյային, հիմնախնդիրներին, հիվանդների կենցաղային ու բուժական պայմաններին, զրուցեցին տնօրենի եւ բուժանձնակազմի հետ:
Այցի երկրորդ կանգառը Սեւանի բժշկական կենտրոնի նորակառույց մասնաշենքն էր, որտեղ նախարարը եւ մարզպետը ծանոթացան պետական միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Նախարարն այց կատարեց նաեւ Գավառի բժշկական կենտրոն:
Գեղարքունիքի մարզպետարանում Արսեն Թորոսյանը հանդիպում ունեցավ մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ:
«Մարզային առողջապահությունը եւ հատկապես առաջնային օղակը լինելու է իմ ուշադրության կենտրոնում: Մենք ծրագրում ենք բուժական բժշկությունից անցնելու կանխարգելիչ բժշկությանը: Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգում թեեւ շատ կուտակված խնդիրներ կան, սակայն դրականն այն է, որ մարզային իշխանությունները հստակ պատկերացում ունեն դրանց մասին եւ պատրաստակամ են խնդիրներին լուծում տալու համար: Եկող տարի 10 միլիարդ դրամով աճելու է առողջապահության ոլորտին տրվող բյուջեն, որից 6 միլիարդն ուղղվելու է առողջության առաջնային պահպանման օղակին: Աճելու են դրամական միջոցները, դրա հետ մեկտեղ՝ նաեւ խստացվելու են պահանջները »,-նշեց նախարարը:
Արսեն Թորոսյանն աշխատանքային այցն ավարտեց Մարտունու բժշկական կենտրոնում:
Source: Yerkir Media
Link: Արսեն Թորոսյանն այցելեց Գեղարքունիքի մարզի մի շարք բուժհաստատություններ