«Արցախի քաղաքացին պետք է վստահ լինի, որ ապրում է անվտանգ երկրում»․ Բակո Սահակյանը
December 20, 2017
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Արցախի քաղաքացին պետք է վստահ լինի, որ ապրում է ապահով ու անվտանգ երկրում: Եվ այդ գործում մեծ է հատկապես ազգային անվտանգության համակարգի դերակատարությունը, ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու մարդկային բարձր որակները:
Ձեր գործառույթների հաջող իրականացման նպատակով պետությունը հետեւողական աշխատանք է տանում կառույցը ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով հագեցնելու, ծառայողների աշխատանքային եւ սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ: Այս քաղաքականությունը կկրի շարունակական բնույթ:
Շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր պատասխանատու ծառայության մեջ»: