Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետևանքով աշխատել է ՀԱԷԿ-ի դիֆերենցիալ պաշտպանությունը

Բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում հունվարի 21-ին տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով աշխատել է  Հայկական ատոմային էլեկտրակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը: Արդյունքում՝ 110 կՎ երկրորդ  հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությամբ  ամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿ-ի 110 կՎ-ի ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը: Այս մասին  տեղեկացրեց ՀՀ վարչապետի խորհրդական  Շուշան Սարդարյանը։

Նա հայտնեց, որ ժամը 16.05-ին բլոկ-գեներատոր-տրանսֆորմատոր դիֆերենցիալ պաշտպանությամբ  անջատվել է նաև Տ-3 բլոկային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով ատոմակայանը մասամբ բեռնաթափվել է:

Շուշան Սարդարյանի տեղեկացմամբ՝ իրավիճակի մասին անհապաղ զեկուցվել է վարչապետ Կարեն Կարապետյանին:

Վարչապետի խորհրդականի խոսքով՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հրահանգով բեռնավորվել է Հրազդանի ՋԷԿ-ի 3-րդ էներգաբլոկը:  Հայաստանի և Վրաստանի միջև գործող «Վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման» միջկառավարական պայմանագրի համաձայն՝ էլեկտրաէներգիայի պակասորդը մատակարարվել է Վրաստանից:

Ըստ նրա՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» անձնակազմի ջանքերով վթարը հայտնաբերվել ու վերացվել է, և 18:20-ին Բջնիի գծով էլեկտրահաղորդումը վերականգնվել է:

Իրավիճակի զարգացումների մասին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը 30 րոպե պարբերականությամբ զեկուցել է վարչապետին:

«Նման խաթարումները պայմանավորված են երկարատև սառնամանիքների հետևանքով առաջացած սառույցի կուտակումներով: Վթարի հետևանքով էներգամատակարարման խաթարումներ չեն գրանցվել: Ատոմակայանն աշխատել է թերբեռնավորված, բայց բնականոն ռեժիմով»,- նշել է ՀՀ վարչապետի խորհրդականը և հավելել, որ այս պահի դրությամբ Հայկական ԱԷԿ-ն աշխատում է լրիվ բեռնավորվածությամբ: Համակարգի էներգամատակարարումն իրականացվում է ամբողջ ծավալով:


Source: Yerkir Media
Link: Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետևանքով աշխատել է ՀԱԷԿ-ի դիֆերենցիալ պաշտպանությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image