Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն այսօր բուհի աշխատանքի հետ կապված իրենց բողոքների ու առաջարկությունների փաթեթն են ներկայացրել կրթության եւ գիտության նախարարությանը:
Ուսանողների խոսքով, իրենք նախ ինստիտուտի ղեկավարությանն են ներկայացրել բոլոր խնդիրները եւ պահանջել լուծումներ, սակայն բուհի ղեկավարությունը ոչ մի էական պատասխան չի տվել: Բուհի ուսանողներն էլ որոշել են անձամբ նախարարին տեղյակ պահել Թատերական ինստիտուտում տիրող վիճակի մասին:
Նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն է ընդունել ուսանողներին, լսել է նրանց բողոքը եւ խոստացել խնդրի լուծման տարբերակներ գտնել: Ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Միլենա Բալդյանը հավաստիացրել է, որ ներկայացնում է ողջ ուսանողության տեսակետը: Թեեւ նախարարություն փոքր խմբով են գնացել, քանի որ նպատակը ոչ թե մեծամասշտաբ բողոքի ցույց անելն է կամ անհատների հրաժարական պահանջելը, այլ բուհում իրավիճակի փոփոխության հասնելը: Իսկ խնդիրներ շատ ունեն՝ սկսած ուսումնական ծրագրից, վերջացրած տեխնիկայի բացակայությամբ եւ անբարեկարգ վիճակով:
Ուսանողների բողոքի ակցիային նաեւ բուհի ռուս գրականության պատմության դասախոսն է մասնակցել՝ նշելով, որ իր դասաժամերը պակասեցրել են, որովհետեւ, ըստ նրա, բուհի ղեկավարությունը փորձում է պատժել իրեն ուսանողների հետ ապրիլին բողոքի ակցիաների մասնակցելու համար:
Source: Yerkir Media
Link: Բողոքի ցույց՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում