Բրիտանացի մասնագետները չեն կարողացել պարզել Սկրիպալին թունավորած նյութի ծագումը
April 3, 2018
Բրիտանացի մասնագետները չեն կարողացել պարզել նյարդապարալիզացնող նյութի ծագումը, որով թունավորել էին Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին: Այս մասին Sky News-ի հետ զրույցում հայտնել է Պորտոն Դաունի գլխավոր ռազմական լաբորատորիայի ղեկավարը:
Նա հաստատել է, որ ստացված նմուշները նույնականացվել են որպես նոր տեսակի թունավոր նյութեր: «Մենք չենք կարողացել պարզել, թե որտեղ է թունավոր նյութն արտադրվել, սակայն գիտական տեղեկատվությունը փոխանցել ենք կառավարությանը, որը այլ աղբյուրներ ևս օգտագործել է, որպեսզի համապատասխան եզրակացությունների գա»,- ասել է լաբորատորիայի ղեկավարը:
Անգլիայի առողջապահության ազգային ծառայության տվյալներով` Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ: Նրա աղջկա վիճակը, ով նախորդ շաբաթ գիտակցության էր եկել, կայուն է: