Իսրայելում Գվատեմալայի դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխվի Երուսաղեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կենտրոնամերիկյան պետության նախագահ Ջիմմի Մորալեսը:
«Գվատեմալայի թանկագին ժողովուրդ, այսօր ես խոսեցի Իրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Գլխավոր թեմաներից մեկը դարձավ Գվատեմալայի դեսպանատան վերադարձը Երուսաղեմ: Ցուցում եմ տվել արտաքին գործերի նախարարությանը՝ համապատասխան աշխատանք սկսել, որպեսզի դա արվի»,- գրել է Մորալեսը:
Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 128 ձայնի մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու բանաձեւի դեմ: Փաստաթղթին դեմ էին քվեարկել 9 երկիր, այդ թվում՝ Գվատեմալան, Հոնդուրասը, Իսրայելը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն, ԱՄՆ-ը եւ Տոգոն, եւս 35 պետություններ ձեռնպահ են մնացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: