Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք
September 20, 2016
Սեպտեմբերի 20-ի երեկոյան էլ , Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, որին ներկա էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:
Օրհնելով ներկա հավատավոր ժողովրդին` 14 եպիսկոպոսների ուղեկցությամբ, երկու կաթողիկոսները բարձրացան Սուրբ Խորան, ուր սկսվեց Հանրապետական մաղթանքը` Հայաստանի Հանրապետության անսասանության ու պայծառության եւ նրա ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքի համար:
Արարողության ընթացքում ընթերցվեց «Գոհանամք զքէն» աղոթքը` հայցելով, որ Աստված իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի Հանրապետությունը եւ համայն հայոց ազգը: Արարողության ավարտին կաթողիկոսներն իրենց օրհնությունն ու պատգամը հղեցին համայն հայ ժողովրդին: