Դատապարտյալին արգելված առարկա փոխանցելու համար խոշոր տուգանք կնախատեսվի

February 13, 2017

Քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի ներթափանցման դեմ մշակված նոր օրենսդրական նախագիծը կանխարգելիչ նշանակություն կունենա:Փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը:

«Ներկայումս արգելված իրեր փոխանցելու համար պատիժ իրականացնող մարմին չկա: Պատժաձևն օրենքով նախատեսված է, սակայն թե ով պետք այդ պատիժը սահմանի, նախատեսված չէ: Այս նախաձեռնությունը սահմանված կարգով ուղարկվել է Ազգային ժողով, որտեղ արդեն իսկ քննարկվել է այս նախագիծը: Հուսով եմ, որ օրենսդրական փաթեթի ընդունվելու դեպքում  արդեն կունենանք կոնկրետ  վարչական  վարույթ իրականացնող մարմին, ինչպես նաև նախատեսվել է արգելված առարկաների փոխանցելու համար խոշոր տուգանք: Կարծում եմ, որ նման կարգի մեծ տուգանքները ինքնին կանխարգելիչ նշանակություն կունենան»,- ընդգծեց Օսիկյանը:

Ըստ նրա` ամեն տարի խուզարկության արդյունքում դատպարտյալների մոտից շուրջ 2500-3000 հազար բջջային հեռախոսներ են առգրավվում:

«Քրեակատարողական հիմնարկներում հեռախոսները այն միջոցներն են, որոնցով հիմնականում  կատարվում են  հանցագործությունները: Մենք մշտապես վերլուծում ենք այն ուղիները, որոնցով հայտնվում են այդ իրերը քրեակատարողական հիմնարկներում: Ցավոք, տարեցտարի նոր մեթոդներով են առաջնորդվում թե՛ դատապարտյալները, թե՛ այն անձինք, ում միջոցով ներթափանցում են հեռախոսները»,- ասաց ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետը:

Նա նշեց, որ նման խնդիրը արդիական է ոչ միայն Հայաստանում, այլև զարգացած պետություններում: Այն երկրներում, որտեղ կա տեխնիկական համալրվածություն բջջային հեռախոսներն ավելի շատ են ներթափանցում քրեակատարողական հիմնարկներ:

«Մենք պետք է զգոն լինենք, որպեսզի բջջային հեռախոսների միջոցով խարդախության դեպքերը չտարածվեն: Ցավով պետք է նշել , որ բջջային հեռախոսները ներթափանցում են նաև քրեակատարողական հիմնարկների ծառայողների միջոցով, ինչի համար էլ սահմանել ենք խիստ հսկողություն: Նախորդ տարի  6 աշխատակից աշխատանքից ազատվել են, և կատարվել է ծառայողական քննություն»,- եզրափակեց Օսիկյանը:

Source: Yerkir Media
Link: Դատապարտյալին արգելված առարկա փոխանցելու համար խոշոր տուգանք կնախատեսվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image