Երևանի երկաթուղային կայարանում այսօր վաղ առավոտյան դիմավորեցին Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի հիսուն հազարերորդ ուղևորին: Հարավկովկասյան երկաթուղու «հոբելյանական» ուղևորն էր Գայանե Հովհաննիսյանը, ով Հայաստանի մայրաքաղաք էր վերադարձել Վրաստանում անցկացրած ամառային հանգստից հետո:
Նրան ողջունեց «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը, ով ուղևորին հուշանվերներ և մյուս տարի Երևան-Բաթումի-Երևան գնացքով անվճար ուղևորության սերտիֆիկատ հանձնեց:
«Արմենիա» ֆիրմային գնացքն աշխատում է ամեն տարի հունիսից-սեպտեմբեր: 2012 թվականից այն կրում է «ֆիրմային» կարգը, որը շնորհում է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը:
2017 թվականին ուղևորահոսքը Երևան-Բաթումի-Երևան երթուղում արդեն գերազանցել է 50 հազարը՝ 14,2% ավելանալով անցած տարվա հետ համեմատ: