Զանգվածային թունավորում Ուլան-Ուդեի սրճարաններից մեկում. կա 133 տուժած
January 17, 2018
Ուլան-Ուդեի սրճարաններից մեկում զանգվածային թունավորումից տուժածների թիվը հասել է 133-ի, որոնցից 81-ը հոսպիտալացվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երեկ տուժածները 125-ն էին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուլան-Ուդեում գտնվող «Շուլեն Դո» սրճարանում հունվարի 8-11-ը սալմոնելոզի դեպքեր էին արձանագրվել, ինչից հետո սրճարանի աշխատանքը դադարեցվել է: Տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում շուրջ 2500 մարդ է այցելել սրճարան:
«Այսօրվա դրությամբ տուժածների թիվը 133-ն է, որոնցից 19-ը երեխաներ են և հինգ հղի կանայք: Նրանցից 81-ը հոսպիտալացվել են, 52-ը գտնվում են ամբուլատոր բուժման փուլում, իսկ սալմոնելոզով հիվանդացությունը հաստատվել է 45 մարդու մոտ»,- հայտնել է աղբյուրի զրուցակիցը:
ՌԴ ՆԳՆ Քննչական վարչությունում դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: