Զեկույցը բացահայտել է Հայոց ցեղասպանությանը Գերմանիայի ներգրավվածության նոր մանրամասներ

April 6, 2018

Օսմանյան կայսրությունում թուրքական զինված ուժերը Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակ օգտագործել են գերազանցապես գերմանական հրացաններ և այլ զենքեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին նշվում է Global Net — Stop the Arms Trade (GN-STAT) («Համաշխարհային ցանց- Դադարեցրեք զենքի վաճառքը») կազմակերպության հրապարակած նոր զեկույցում:

Նոր բացահայտման արդյունքում պարզվել է, որ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի տարիներին Գերմանիայի հիմնական փոքր զենքեր արտադրող ընկերությունը՝ Mauser-ը, Օսմանյան կայսրությանն է մատակարարել միլիոնավոր հրացաններ և ատրճանակներ, որոնք օգտագործվել են ցեղասպանության ժամանակ՝ գերմանացի սպաների ակտիվ մասնակցությամբ:

Շատ գերմանացի սպաներ իրենց ընտանիքներին ուղղված նամակներում գրել են այն կոտորածների մասին, որի ականատեսն են եղել:

Ուսումնասիրությունը պարզել է նաև, որ թուրքական բանակը զինված է եղել գերմանական Հեսսենում հիմնադրված Krupp ընկերության արտադրած թնդանոթներով: Դրանք ևս օգտագործվել են Թուրքիայում, մասնավորապես Մուսա լեռան վրա հայերի դիմադրությունը կոտրելու փորձերի ժամանակ:

Թեպետ 2015 թվականին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ճանաչել էր, որ Հայոց ցեղասպանության իրականացման հարցում Գերմանիան նույնքան պատասխանատվություն է կրում, իսկ նույն տարում հրապարակվել էր լրագրող Յուրգեն Գոթշլիհի գիրքը, որտեղ մանրամասնորեն ներկայացված էր, որ Առաջին աշխարհամարտին Թուրքիայի ամենագլխավոր եվրոպացի դաշնակիցը ռազմական խորհրդատվություն է իրականացրել, ինչպես նաև մարզել է օսմանյան բանակը, սակայն  GN-STAT-ի զեկույցն առաջինն է, որը ներկայացնում է Mauser և Krupp ընկերությունների կողմից ներկայացված նյութական աջակցության ողջ ծավալը:

Զեկույցում տեղ գտած գերմանական վկայությունների մեծ մասը գալիս է մայոր Էբերհարդ Վոլֆսկեհլի նամակներից: Նա 1915 թվականի հոկտեմբերին գտնվում էր Թուրքիայի հարավ-արևելյան, հայաշատ Ուրֆա քաղաքում: Այստեղ շատ հայեր սեփական տներում փորձում էին փրկվել թուրք հետևակներից: Վոլֆսկեհլը Ֆահրի փաշայի՝ 4-րդ օսմանյան բանակի հրամանատարի տեղակալի շտաբի պետն էր: 4-րդ օսմանյան բանակն այդ ժամանակ կանչվել էր Ուրֆա՝ որպես հավելյալ ուժ:

«Նրանք (հայերը) եկեղեցու հարավային հատվածում գտնվող տներում էին: Երբ մեր հրետանին հարվածեց տներին և շատերին ներսում սպանեց, մյուսները փորձեցին թաքնվել եկեղեցում:  Բայց… նրանք պետք է եկեղեցի գնային եկեղեցու բաց բակով, որը մեր հետևակներն արդեն առել էին նշանառության տակ: Նրանք հասան եկեղեցու բակին և սպանեցին մարդկանց, ովքեր վազում էին: Ընդհանուր առմամբ, հետևակը, որը ես օգտագործում էի հիմնական հարձակման համար…իրեն շատ լավ դրսևորեց և առաջ շարժվեց»,- ասվում է Վոլֆսկեհլի՝ կնոջն ուղղված նամակում:

Հրապարակված զեկույցն առաջինն է, որը կազմվել է GN-STAT-ի կողմից: Այն նոր, բազմալեզու համաշխարհային ցանց է, որի կազմում են մտնում ավելի քան 100 կազմակերպություններ: Այն ունի հարուստ տվյալների բազա ակտիվիստների, լրագրողների և զենքերով հետաքրքրված փորձագետների համար: Այն ներկայում նոր ուսումնասիրություն  է կատարում Մեքսիկայում զենքի անօրինական վաճառքի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի օգնությամբ 2017 թվականին ԱՄՆ կողմից իրականացված 110 մլրդ ԱՄՆ դոլար զենքի վաճառքի վերաբերյալ:

Source: Yerkir Media
Link: Զեկույցը բացահայտել է Հայոց ցեղասպանությանը Գերմանիայի ներգրավվածության նոր մանրամասներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image