Ընտանեկան բռնության ենթարկվածներին կտրամադրվի մոտ 160.000 դրամ աջակցություն․ նոր նախագիծ

March 30, 2018

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց վերականգնման նպատակով Հայաստանում առաջին անգամ կտրամադրվի միանվագ ֆինանսական աջակցություն: Այն կարող է տրվել ընտանիքի՝ բռնության ենթարկված ցանկացած անդամի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց, երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, Կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանը:

Գումարը պետք է ծախսվի կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու, տվյալ բռնության արդյունքում առաջացած առողջական խնդիրները վերականգնելու, ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության գումարը փոխհատուցելու համար: Գումարը նաև կարող է ծախսվել աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար: «Լինում են հատուկ դասընթացներ, որպեսզի այդ մարդիկ ինտեգրվեն հասարակությանը և ունենան սեփական վաստակը» ,-նշեց Թանաշյանն ու հավելեց՝ կտրամադրվի նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն՝ 155 000-160 000 դրամ աջակցություն: Այն տրվելու է միանվագ: Ողջ գումարը ձևավորվում է պետական բյուջեից, ինչպես նաև դոնոր կազմակերպությունների ներդրումներից, անհատ ձեռներեցներից:

Լինելու են նաև աջակցության տրամադրման սահմանափակումներ, երբ բռնության ենթարկված անձին նույն դեպքով վերջին 12 ամիսներին արդեն իսկ տրամադրվել է ֆինանսական աջակցություն:

Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացնում է Լիազոր մարմնի ղեկավարը: Այդ մարմինը բավականին շատ լիազորություններ ունի, այդ թվում՝ ընդհանրական հաշվեհամարի բացումն ու տնօրինումը:

Նախագիծը դեռ չի ներկայացվել ՀՀ կառավարություն, այժմ գտնվում է հանրային քննարկման փուլում:

Source: Yerkir Media
Link: Ընտանեկան բռնության ենթարկվածներին կտրամադրվի մոտ 160.000 դրամ աջակցություն․ նոր նախագիծ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image