Թե ինչ կատարվեց, երբ մի դրամապանակ գնեցի, հետո՝ փոշմանեցի

September 11, 2017

Օրերս հայտնի բրենդային մի խանութից դրամապանակ գնեցի, հետո՝ փոշմանեցի, սակայն մեկ օր անց ապրանքի հետ վերադարձի փորձը պատմության նման մի բան  դարձավ: Խանութում հանգիստ տոնով բացատրում եմ վաճառողին իմ իրավունքների մասին, վաճառողը, ձայնը գլուխը գցած, խոսում է իմ պարտականություններից: Ստեղծված իրավիճակից, ըստ այնտեղ ձևավորված «ավանդույթի», ելքի մեկ ճանապարհ կար. պետք է նույն գնի սահմաներում այլ ապրանք վերցնեի կամ դրամապանակը ձեռքիս՝ դեմքի հաշտված արտահայտությամբ, տուն վերադառնայի: Որոշեցի համառել և ցույց տալ, որ տեղյակ եմ օրենքից և պայքարել իմ իրավունքի համար: Շուրջ 30 րոպե տարբեր հիմնավորումներով խոսում եմ օրենքից, վաճառողը դեմքի բութ արտահայտությամբ միայն պատասխանում է՝ «գիտես, աղջիկ ջան, մենք էլ նենց չի, էլի, որ օրենքից անտեղյակ մարդիկ ենք, բայց դե ձևը սենց ա…»:

Կանչեցին խանութի տնօրենին և մի կերպ հաջողվեց  ապրանքը հետ վերադարձնել…

Հաճախ հանդիպող իրավիճակ է, երբ առևտրի շատ կենտրոններում և խա­­նութներում փակցված է «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» արտահայտությունը, մինչդեռ սպա­ռող­նե­րի իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավակարգավորումներն այլ բան են հուշում: Քիչ չեն նաև այնպիսի դեպքերը, երբ սպառողները գանգատվում են ոչ պատշաճ որակի ապրանքից կամ ծառայությունից: Վաճառողները հատկապես խախտում են ապրանքը հետ վերցնելու՝ ՀՀ օրենսդրությամբ ամրագրված պահանջը:

«Օրենսդրությամբ սահմանված են գնված ապրանքը վերադարձնելու հստակ կառուցակարգեր, որոնք պահպանելու դեպքում ապրանք վաճառողը չի կարող արգելել քաղաքացուն վերադարձնել այն: Մասնավորապես, սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ»,-ասում է  փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Ղազարյանը:

Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել:

Ըստ Տիգրան Ղազարյանի՝ պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության.  «Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ: Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ»:

Սպառողների իրավունքները կարող են ոտնահարվել յուրաքանչյուր քայլափոխի, եթե նրանք չտիրապետեն օրենքի մասին նվազագույն գիտելիքների:  Փաստաբանը խորհուրդ է տալիս դիմել մասնագետի օգնությանը, քանի որ շատ հաճախ գործի բացասական ելքը պայմանավորված է լինում խնդրի առաջացման սկզբնական փուլում ապացույցների չամրագրմամբ:

Source: Yerkir Media
Link: Թե ինչ կատարվեց, երբ մի դրամապանակ գնեցի, հետո՝ փոշմանեցի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image