Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի մեջլիսում խոսելն արգելող փոփոխությունների փաթեթը քննարկման է դրվել մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում: Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:
Սահմանադրական հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտնել է, որ պատգամավորների համաձայնությամբ պատգամավորների վարքի, նրանց արտաքին տեսքի և նիստերի կանոնակարգերի հետ կապված փոփոխությունների 18 կետանոց փաթեթն ուղարկվելու է ենթահաձնաժողովին:
Մեջլիսի սահմանադրական ենթահանձնաժողովը մինչև հուլիսի 13-ի երեկո կամփոփի աշխատանքները, իսկ հուլիսի 14-ին առաջարկը կրկին կներկայացվի սահմանադրական հանձնաժողովին: Ենթահանձնաժողովն ունենալու է ինը անդամ մեջլիսում ներկայացված բոլոր կուսակցություններից՝ մեկական քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից և «Ազգայնական շարժում» կուսակցությունից, երկուսն՝ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունից և հինգն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:
Փաթեթը ենթադրում է պատիժ սահմանել այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը»: Լրատվամիջոցը նշում է, որ որպես «վիրավորանք» է ընկալվելու «1915 թվականի դեպքերի մասին» խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: Արգելքը վերաբերելու է նաև մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրույթներին:
Օրենքը խախտող պատգամավորներին նախատեսվում է ժամանակավոր հեռացնել մեջլիսի աշխատանքներից, ինչպես նաև պահել աշխատավարձի 1/3-ը, որը կազմում է մոտ 12 հազար թուրքական լիրա (ավելի քան 3 հազար ԱՄՆ դոլար):
Փոփոխությունների այս առաջարկին դեմ են հանդես գալիս քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու քրդամետ Ժողովուրդների հանրապետական կուսակցությունը: Վերջինիս հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով 2017 թվականին պատժվել էր մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, փոփոխությունների առաջարկն անվանել է «ԱԶԿ-ԱՇԿ ազգայնական ավտորիտար կոալիցիայի առաջարկ»:
«Որպես Թուրքիայի հայ՝ ցանկանում եմ, որ իմ պապերի գլխին եկած մեծ դժբախտության մասին իմ երկրի խորհրդարանում խոսվի: Եթե Թուրքիան արգելի դա, իսկ մյուս խորհրդարաններում այս մասին խոսեն, դա ինձ շատ կվշտացնի: Իհարկե, կան խորհրդարաններ, որ խնդիրը կօգտագործեն լավ նպատակով՝ խոսելով այս ցավի մասին, սակայն որոշ խորհրդարաններ էլ այս հարցը կօգտագործեն որպես Թուրքիայի նկատմամբ ճնշման միջոց: Ես չեմ ցանկանում, որ որևէ խորհրդարանում այս ցավի մասին խոսվի, և դա կարող է կանխվել միայն այն դեպքում, երբ Թուրքիայի խորհրդարանում կխոսեն այս մասին»,- ասել է Գարո Փայլանը:
Source: Yerkir Media
Link: Թուրքիայի մեջլիսում «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը դրվել է քննարկման