Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ երկրի 81 նահանգապետերից 74-ը ուղղակի կամ անուղղակի կերպով կապ ունի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետ, գրում է «Միլլիյեթ» թերթը:
«81 նահանգապետերից առնվազն 74-ը գյուլենական են (ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման անդամ- Խմբ.): Հարցի հետ կապված՝ տարբեր նահանգապետարանների աշխատակազմերից 5.000-ից ավելի աշխատակից է քննվել»,- ասել է նա։
Նա նաև ակնարկել է, որ 2 օր առաջ Թուրքիայի Էլյազըղ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության մեջ իր դերն ունի Էլյազըղի նահանգապետը։ Գրում է Tert.am-ը:
«Կազմակերպչի ինքնությունը պարզվել է՝ Թուրքիայի քաղաքացի է: Հետաքրքիր մանրամասներ են պարզվել, ահաբեկիչներն անցել են տարբեր գյուղերի միջով, որոշ վայրերում նրանց ֆիքսել են տեսախցիկները, այս ամենի հետ մեկտեղ՝ նրանց ոչ ոք չի կանգնեցրել: Մենք արդեն ձերբակալել ենք 2 ահաբեկչի»,- ասել է նախարարը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդական շարժման զինյալների վերջին գործողությունից հետո երկրի բոլոր նահանգապետերին շտապ կանչել էր Անկարա:
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Source: Yerkir Media
Link: Թուրքիայի ՆԳՆ-ն 74 նահանգապետերին մեղադրում է գյուլենական լինելու մեջ