ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչ Սառա Սանդերսը հայտարարել է, որ Թրամփը վերջնական որոշում չի ընդունել Սիրիային հարված հասցնելու մասին, քննարկվում են պատասխան գործողությունների ինչպես տեսակի, այնպես էլ դրանք իրականացնելու ժամանակի զանազան տարբերակներ:
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի գործընկերների եւ դաշնակիցների հետ այս հարցի շուրջը խորհրդակցությունները շարունակվում են: Սառա Սանդերսի խոսքով՝ «Թրամփը գտնում է, որ Սիրիան ու Ռուսաստանն են պատասխանատվություն կրում Սիրիայի Դումա քաղաքում քիմիական գրոհի համար»:
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի բացառում հնարավոր հարվածը նաեւ Սիրիայում ռուսական ուժերին։
Ի դեպ, ռուսաստանյան լրատվամիջոցները նշում են, որ այս գիշեր Արեւելյան Ղուտա շրջանը՝ Դումա քաղաքի հետ միասին, «ազատագրվել է ահաբեկիչներից» եւ այն անցել է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ։ Պարեկություն են անում, սակայն, ռուսական ռազմական ոստիկանները։
Source: Yerkir Media
Link: Թրամփը վերջնական որոշում դեռ չի ընդունել