Լաբորատորիաները պետք է հասանելի լինեն բոլոր ուսանողների համար. Արայիկ Հարությունյան
September 11, 2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններ: Նախարարը շրջել է բուհերի լաբորատորիաներում և արվեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործըթնացին, կրթական տարբեր հարցերի շուրջ զրուցել դասախոսների և ուսանողների հետ:
Նախարարի շրջայացը սկսվել է Պոլիտեխնիկի 17-րդ մասնաշենքում գործող Ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնից, որտեղ ցուցադրվել է անօդաչու թռչող սարքի փորձնական նկարահանում: Մասնագետները նախարարին ներկայացրել են Պոլիտեխնիկում ներդրվող անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմանն ուղղված հետազոտական նոր ծրագրերը:
Այնուհետև ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ Արայիկ Հարությունյանը շրջել է ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված էներգետիկայի լաբորատորիաներում, որոնք հիմնադրվել են ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ, որպես Գերազանցության կենտրոններ: Նախարարը ծանոթացել է նաև 17-րդ մասնաշենքում գտնվող Տեխնոլոգիական ինովացիոն հարթակին:
Ամփոփելով շրջայցի արդյունքը` ԿԳ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ առկա ինժեներական ներուժը բավարար է նոր մրցունակ ծրագրերի իրագործման համար: