Լիբանանում հայ երիտասարդությունը պահանջել է մերժել թուրքական ապրանքների վաճառքը

March 25, 2017

ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միությունը Բեյրութի Բուրջ Համուդ հայաբնակ թաղամասում հատուկ ակցիա է կազմակերպել, որի շրջանակում մասնակիցները պահանջել են մերժել թուրքական արտադրության ապրանքները:

Բողոքի ակցիային մասնակից մի քանի տասնյակ հայ երիտասարդներ պահել են Հայաստանի դրոշներ ու գրություններ` կոչ անելով չհարստացնել թշնամուն:

«Մենք` որպես հայ դատի հավատարիմ պաշտպաններ, պահանջատեր երիտասարդներ, մերժում ենք թուրքական արտադրությունների վաճառքը հայերի շրջանում ու մանավանդ Բուրջ Համուդից ներս: Մերժում ենք թուրքական հեռուստաընկերությունների քաջալերումը հայ տներում, դեպի Թուրքիա զբոսաշրջությունը: Մենք քաջ գիտենք, որ նույն ինքը` Թուրքիան է մեր այսօրվա դժբախտության պատճառը: Մենք ունենք հայրենիք, սակայն այժմ գտնվում ենք հայրենիքից դուրս, օտար ափերում ցիրուցան եղած: Հայապահպանության մեր ջանքերը սփյուռքում ազգի փրկության միակ ուղին են»,- հայտարարել է Լիբանանի երիտասարդական միության ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ թուրքական վաճառված ապրանքների գումարով Արցախում հայ զինվոր է սպանվում:

Հավաքվածները բղավել են՝ «Մի հարստացրեք թշնամուն», «Անդուլ պայքար, աննահանջ երթ»:

 

Source: Yerkir Media
Link: Լիբանանում հայ երիտասարդությունը պահանջել է մերժել թուրքական ապրանքների վաճառքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image